ՌԴ խաղաղապահների հեռանալուց հետո Ստեփանակերտում մնացել են միայն հայերը և ադրբեջանցիները

ՌԴ խաղաղապահների հեռանալուց հետո Ստեփանակերտում մնացել են միայն հայերը և ադրբեջանցիները

Նախօրեին ՌԴ խաղապահները հեռացան Արցախից։ Կադրերը տարածվել էին համացանցում, ապա ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր Լեռնային Ղարաբաղից խաղաղապահ զորակազմի հեռանալու մասին այդ տեղեկությունը։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ նախորդ տարվա հոկտեմբերից մինչ օրս Ստեփանակերտից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 մարդ։ Սակայն եթե այն ժամանակ Ստեփանակերտում նաև մնացել էին ռուս խաղաղապահները, այժմ քաղաքում մնացել են միայն մի քանի հայ, որ որոշել է մնալ Ստեփանակերտում, և ադրբեջանցիներ։ 

MediaHub-ի տեղեկություններով՝ Կարմիր խաչի ներկայացուցիչները ևս լքել են Ստեփանակերտը և տեղափոխվել ադրբեջանական Բարդա քաղաք։ Այսինքն՝ Ստեփանակերտում հայերը մնացել են միայնակ ադրբեջանցիների կողքին։  

MediaHub-ը կապ հաստատեց ստեփանակերտցի Անիի հետ, ում սկեսրայրը որոշել էր մնալ Ստեփանակերտում։ Նա նշեց, որ իրոք Կարմիր խաչի ներկայացուցիչները տեղափոխվել են Բարդա քաղաք, սակայն մի քանի ներկայացուցիչ մնացել է Ստեփանակերտում։ 

«Ճիշտն ասած, Արցախից ռուս խաղաղապահների հեռացումից հետո չենք խոսել սկեսրայրիս հետ, սակայն, Կարմիր խաչի դուրս գալուց հետո խոսել ենք, և ամեն ինչ լավ էր։ Կարմիր խաչի ներկայացուցիչների նստավայրը փոխվել է, բայց իրենց իշխանությունը չի փոխվել, տիրություն անում են»,– ասաց Անին։

Նա նշեց, որ այն խոսակցությունները, թե Կարմիր խաչը դուրս է եկել, և հայերը մնացել են անտեր, չեն համապատասխանում իրականությանը․ «Իրենք նույն պրիյուտում են, սնունդը և ամեն ինչը տալիս են, ինչպես այն ժամանակ»։

«Ռուս խաղաղապահներների հեռանալուց հետո, իմ կարծիքով, ոչինչ չի փոխվի, որովհետև իրենք կապ չունեին այնտեղ մնացած հայերի հետ։ Ամբողջ ուշադրությունը Կարմիր խաչն է տվել։ Չնայած որ Կարմիր խաչը տեղափոխվել ա ադրբեջանական Բարդա քաղաք, ներկայացուցիչներ մնացել են Ստեփանակերտում։ Այնպես չի, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները միշտ իրենց հետ են ապրել, երբ մենք ուզեցել ենք սկեսրայրիս հետ խոսել, նախապես գրել ենք, իրենք օրն ասել են»,– ասաց նա։

Անիի սկեսրայրը մեկ անգամ է պատմել, որ իրենք այնտեղ հաց էին թխում, մեկ–մեկ ռուս խաղաղապահներից են հաց վերցրել, «բայց որ ինչ–որ բան անում են հայերի համար, չէ»։

Իսկ հարցին, թե արդյո՞ք ադրբեջանցիներից չի դժգոհում սկեսրայրը, Անին նշեց․ «Կարմիր խաչի ներկայացուցիչները ո՛չ հայերն են, ո՛չ էլ ռուսներն են, այլ ադրբեջանցիներ։ Եվ անգամ եթե վատ լիներ, չէին ասի, բայց սկեսրայրս չի ուզում գալ Հայաստան»։

Ըստ նրա՝ բացի այդ, պարզ է, որ այնտեղ մնացած հայերը «հսկողության տակ են խոսում և ավել բան չեն կարող ասել»։

Մարիաննա Արամյան