Այնքան ուժգին էին պայթյունները, թվում էր՝ տունը կփլվի գլխիս, իսկ քիչ անց տեսա, թե ինչպես փլվեց դպրոցի տնօրենի տունը

Այնքան ուժգին էին պայթյունները, թվում էր՝ տունը կփլվի գլխիս, իսկ քիչ անց տեսա, թե ինչպես փլվեց դպրոցի տնօրենի տունը

«Երբ մտնում եմ Նորամարգի դպրոց, մտովի տեղափոխվում եմ Արցախի Կարմիր գյուղ։ Հատկապես գարնանային այս եղանակը հիշեցնում է, որ մեր դպրոցի շուրջբոլորը հիմա ծաղկել են յասամաններն ու բույրը տարածել բոլոր դասարաններում, որոնք արդեն 7 ամսից ավելի դատարկ են»,- ասում է պատմության ուսուցչուհի Մենուհի Խաչատրյանը։ Կարմիր գյուղից բռնի տեղահանվելուց հետո նրա ընտանիքն այժմ ապրում է Նորամարգում։ Նոր կոլեկտիվում նրան ջերմությամբ են ընդունել, և դա օգնում է Մենուհուն, որ մեղմի կարոտը հարազատ գյուղի ու դպրոցի հանդեպ։

Սեպտեմբերի 19-ինն էր, հերթական աշխատանքային օրը։ Մեր զրուցակիցն ասում է՝ հերթական, բայց ոչ սովորական, այդ օրը զգացողություն ունեին՝ պատերազմ է լինելու։

«Սուրճի ընդմիջման ժամ էր, բայց սուրճ չկար։ Քարացած նստել ու սպասում էինք ինչ-որ բանի, մինչև դպրոցի տնօրեն Արթուր Ստեփանյանը եկավ, ասաց, որ «հավաքվեք, աշակերտներին տուն ուղարկեք, դուք էլ չվախենաք»։ Պարզ էր, որ ինքը տղամարդկանց հետ դիրք էր գնալու։ Դա մեր վերջին դասն էր»,- ասում է Մենուհին, որ տասնամյակներով հայոց պատմություն է դասավանդել դպրոցում ու ականատես եղել դրա խեղաթյուրմանը՝ ներքին ու արտաքին թշնամիների կողմից։ 

«Դպրոցից դուրս գալուց հետո ուղիղ 15 րոպե անց սկսվեց պատերազմը։ Ամուսինս ու տղաս Ստեփանակերտում էին, փաստորեն տանը մենակ էի։ Նախընտրեցի ավելի անվտանգ տեղ մտնել, իսկ դա մեր տան առաջին հարկն էր։ Այնքան ուժգին էին պայթյունները, որ թվում էր՝ տունը հիմա կփլվի գլխիս։ Տղայիս հաջողվեց զանգել, միայն լսեցի, որ «գնա հարևաններից մեկի տուն, որ մենակ չլինես»։ Երբ դուրս եկա մեր տնից ու արկակոծվող գյուղով ուզում էի անցնել հարևանի տուն, տեսա թե ինչպես է փլվում դպրոցի տնօրենի տունը։ Շատ «աշխարհի վերջ» ենք տեսել, բայց դա ուրիշ բան էր։ Թշնամու թիրախում խաղաղ բնակավայրերն էին»։

Մենուհի Խաչատրյանը կանգնել է ճանապարհի մեջտեղում, իր խոսքով՝ կուչ եկել, մինչև կողմնորոշվել է գնալ հարևանուհու՝ Նարայի տուն։ Ապաստարաններում տղամարդ չկար, կանայք ու երեխաներն իրար թիկունք են եղել ու լաց եղել իրենց անճարության վրա։

«Ամուսինս խոստացել էր, որ ամեն գնով, անգամ ոտքով, կգա։ Սպասում էինք, որ գոնե մի տղամարդ կգա ու մեզ դուրս կբերի այդ դժոխքից։ Ժամեր անց Գագիկը եկավ, գնաց մյուս հարևանի՝ Անուշի ընտանիքին բերեց մեզ մոտ, հետո Նարայի տատիկը միացավ մեզ, ու բոլորս իրար թև-թիկունք եղանք, մինչև վառելիք կգտնեինք տարհանվելու համար։ Արդեն գիշեր էր, իսկ երեխաները սոված էին։ Յուրաքանչյուրս բավարարվեցինք մի կտոր հացով, որ գոյատևենք։ Մեկ լիտր բենզին մենք ունեինք, որը կհերիքեր մինչև մոտակա անտառ։ Դրա համար մենք դատարկեցինք ծառահատման սարքի բենզինը, որ գոնե մի քիչ առաջ գնանք։ Գյուղի մեծ մասն արդեն տարհանվել էր։ 18 հոգով տեղավորվեցինք մեր «ՈՒԱԶ» մեքենայում ու հագի շորերով դուրս եկանք»,- հիշում է Մենուհին՝ ընդգծելով, որ դուրս գալուց առաջ ամուսինը բոլորին տեղեկացրել է, որ «սա ռիսկային քայլ է, կա՛մ տեղ կհասնենք, կա՛մ ոչ»։ Բոլորի արձագանքը միանշանակ էր՝ «եթե մեռնենք՝ ուրեմն միասին»։ 

Կարմիր գյուղի բնակիչները երկընտրանքի առաջ էին՝ մնալն էլ, գնալն էլ վտանգավոր էին։ «Լճի մոտ չհասած մի մեքենա էր մոտենում, սկզբից մտածեցինք, թե ադրբեջանցիներ են, երբ հասան մեզ, համարանիշներից հասկացանք, որ մերոնցից են, խաչակնքնվեցինք ու առաջ գնացինք։ Ամբողջ ճանապարհին մենք Գագոյի աչքերին էինք նայում, երբ հանգիստ էր ինքը։ Խորը շունչ էինք քաշում նաև մենք»,- հիշում է Մենուհի Խաչատրյանը։

Վառելիքն արդեն վերջանում էր, իսկ Ստեփանակերտ տանող ճանապարհը սովորականից ավելի երկար էր թվում։ Դրա համար որոշել են մնալ Աջափնյակում, իսկ ամուսինը ոտքով գնացել է քաղաք՝ վառելիք փնտրելու հույսով։

«Երբեք չեմ մոռանա ապաստարանում պատսպարված մեր հայրենակիցների աչքերը, նրանց լացի ձայնը, որ օգնություն էին աղերսում՝ ողջ մնալու համար։ Այնտեղ էլ անհանգիստ էր, բոլորը դուրս էին գալիս, որովհետև ադրբեջանցիները մոտենում էին նաև Աջափնյակին։ Մի քիչ մնալուց հետո որոշեցինք մենք էլ ոտքով առաջանալ դեպի Ստեփանակերտ։ Ամեն ձայնից ու շարժից վախենում էինք, մտածում էինք՝ արդեն հասել են մեզ։ Հրետակոծությունը չէր դադարում, մի անծանոթ տղամարդու առաջարկով կիսակառույց քարե մի շինություն մտանք, չէինք ուզում փակ տեղ գնալ, որ Գագիկը մեզ գտնի։ «Աստված մեզ հետ է», ասացինք ու գնացինք։ Ճանապարհին Գագոն եկավ, ուրախությունից նորից սկսեցինք լաց լինել»։

Մենուհին համագյուղացիների հետ գնացել է որդու տան ապաստարան։ Նրա հարսը նոր էր ծննդաբերել, երեխան դեռ 40 օրական չկար։ Թվում էր՝ դժվարությունը մնացել է գյուղից տարհանվելու ճանապարհին։ Բայց կնոջ համար ամենամեծ հարվածը սեպտեմբերի 21-ից Արցախի հայաթափման մասին շրջանառվող լուրերն էին։ 

«Երբ այսօր խոսում են համակեցության, ճանապարհների ապաշրջափակման ու հայ-ադրբեջանցի ժողովուրդների հավանական հաշտության մասին, ես հիշում եմ սեպտեմբերի 19-ի այն գիշերը, որ մենք անցանք իրական դժոխքի միջով։ Ի՞նչ էր դա, որպես պատմության ուսուցչուհի ինքս դժվարանում եմ արտաբերել բառը, բայց ցեղասպանություն էր, որ այս անգամ կրկնվեց արցախահայության դեմ»,- հավելեց Մենուհի Խաչատրյանը։ 

Հունան Թադևոսյան