Վահագն Ալեքսանյանի մեղադրանքներն անհիմն ու մերկապարանոց են․ Մայր Աթոռ 

Վահագն Ալեքսանյանի մեղադրանքներն անհիմն ու մերկապարանոց են․ Մայր Աթոռ 

Ապրիլի 30-ին Ազգային ժողովում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի տարեկան զեկույցը ներկայացնելու ընթացում վերջինիս հետ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ծավալած հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձ կատարվեց նաև Մայր Աթոռի անվան հետ կապվող «Շողակաթ» հեռուստաընկերությանը։ 

Մասնավորաբար, արձանագրվեց, որ «Շողակաթ» հեռուստաընկերության գործունեության հետ կապված գոյություն ունեն խնդրահարույց որոշ հարցեր այն մասով, որ կրթական ու մշակութային հաղորդումների փոխարեն հեռուստաընկերությունը ներկայացնում է հոգևոր ծրագրեր։ Արդյո՞ք այստեղ որևէ խնդիր կա․ MediaHub-ը պարզելու համար դիմեց հենց Մայր Աթոռին։

Ի պատասխան մեր հարցի, թե ի՞նչը կարող է այսքան մտահոգած լինի ՔՊ-ական պատգամավորին, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը պատասխանեց․ «Այս օրերին, երբ մեր երկիրը հաղթահարում է գոյաբանական ծանր փորձություններ, բացարձակապես տեղին չենք համարում նմանօրինակ անհիմն ու մերկապարանոց մեղադրանքներին անդրադառնալը»։

Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ ակնհայտ է հարցադրողի նպատակը՝ ևս մեկ անգամ տեղեկատվության աղճատման միջոցով ապակողմնորոշել հանրությանը և թիրախավորել Եկեղեցին։

Նարե Գնունի