Միրզոյանը «բռնեց» Փաշինյանի սուտը 

Միրզոյանը «բռնեց» Փաշինյանի սուտը 

Եթե հաջողվի հիշատակել Ալմա-Աթայի հռչակագիրը որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման քաղաքական հիմք և որպես տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման քաղաքական հիմք այժմ բանակցվող խաղաղության պայմանագրի նախագծում, կարելի կլինի ասել, որ կողմերը շատ մոտ են վերջնական կարգավորմանը, հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում:

Միաժամանակ, սակայն, նախարարն ընդգծել է, որ հարևանները «դժկամություն են ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում»:

Միրզոյանը, կամա թե ակամա, մերկացնում է Փաշինյանի հերթական խաղաթուղթը:

Բաքուն ավելի կոշտ դիրքորոշում ունի, քան նույնիսկ երկչոտ ներկայացնում է Միրզոյանը: Ալիևը պնդում է, որ խաղաղության պայմանագրից դուրս պետք է մնան այն հարցերը, որոնք վերաբերում են դելիմիտացիա/դեմարկացիայի և կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացներին:

Խաղաղության պայմանագիրն ավելի բարձր մակարդակի և համապարփակ փաստաթուղթ է, ու եթե դրանից դուրս է մնում հղումն Ալմա-Աթայի հռչակագրին, ապա հատվածական դելիմիտացիա/դեմարկացիայի հաջորդ հանգրվաններում Բաքուն Երևանին դեմ է տալու այլ մտացածին իրավական հիմքեր՝ սահմանային հարցերով Հայաստանից նոր զիջումներ կորզելու նպատակով:

Այլ խոսքով, Միրզոյանը բացահայտում է, որ այս փուլում Ալիևը Փաշինյանին մատուցել է «Ալմա-Աթայի հռչակագիր» անունով «պրյանիկ», որով Հայաստանի վարչապետը ժողովրդից քողարկում է միակողմանի և նվաստացուցիչ զիջումների փաստը:

Վահրամ Բագրատյան