Երեխաները «կուզովի» մեջ էին, փոքրին փաթաթել էի «ադեալի» մեջ. դա միակ բանն էր, որ բերել ենք մեր տնից 

Երեխաները «կուզովի» մեջ էին, փոքրին փաթաթել էի «ադեալի» մեջ. դա միակ բանն էր, որ բերել ենք մեր տնից 

«Երբ Աշտարակից հարս գնացի Արցախի Մյուրիշեն, միանգամից հարմարվեցի ինձ համար նոր միջավայրին ու ասացի՝ «սա այն տեղն է, որի մասին երազել եմ»։ Մարդիկ, բնությունը, բերրի հողը, մաքուր օդը․ ամեն ինչ հրաշալի էր։ 14 տարի ապրել եմ այնտեղ, ամուսնուս՝ Գևորգի հետ 6 երեխա ենք ունեցել։ 2020-ին խաթարվեց մեր խաղաղությունը, բայց պատերազմից հետո նորից նախընտրեցինք վերադառնալ, չնայած ադրբեջանական հենակետերը մոտեցել էին բնակավայրերին»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է բռնի տեղահանված Զինա Գևորգյանը։ 

Նրա բազմանդամ ընտանիքն այժմ ապրում է Կապանի Գեղի գյուղում։ Այստեղ նրանց ընդունել են սիրով, գյուղապետն ու համայնքի բնակիչներն ամեն ինչ արել են, որ մնան, բայց Զինայի համար ամենացանկալի վայրը շարունակում է մնալ Մյուրիշենը, որտեղից դուրս է եկել այն ժամանակ, երբ ադրբեջանցիները հասել էին գյուղի մատույցներ։

«Երբ սկսվեց հրետակոծությունը, երեխաներիցս 3-ը դասի էին, մեր հարևան Գագիկը գնացել է բոլոր երեխաներին տարհանել ու ամենքին բերել իրենց տներ։ Երեխաների հետ իջել ենք նկուղ ու մտածում էինք, որ ռուս խաղաղապահները մի բան կձեռնարկեն, կրակը կդադարի, բայց գնալով այն ավելի էր ուժգնանում։ Ամուսինս աշխարհազորային էր, գյուղի տղամարդկանց մեծ մասը՝ դիրքերում։ Այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ ասացին՝ «պետք է կանանց, երեխաներին ու ծերերին դուրս բերեն»։ Երբ բանը հասավ դրան, մտածեցի, որ մեր տղամարդիկ ողջ չեն վերադառնա»,- հիշում է Զինան։ 

14 հոգով մի փոքր «Ժիգուլի» մեքենայի մեջ այնպես են տեղավորվել, որ մեր զրուցակիցը զարմանում է՝ ինչպե՞ս։ Ճանապարհը նրանց տարել է Եմիշճան գյուղ, որտեղ ոչ պակաս անհանգիստ էին։

«Այնտեղ մեզ հյուրասիրել են, տեղ են հատկացրել, բայց մեզ պետք էր անվտանգ վայր։ Ավելի ուշ գնացինք Աշան։ Այդ ընթացքում Գևորգից որևէ լուր չեմ ունեցել, իսկ երեխաներն անընդհատ հարցնում էին իրենց հորից։ Առաջին անգամ եմ ասում՝ ես չգիտեի ինչ պատասխանել, որովհետև չգիտեի՝ կգան արդյո՞ք տղերքը»։ 

Կրակը դադարել է հաջորդ օրը՝ կեսօրն անց։ Զինային, որ պատրաստվում էր Աշանից Մյուրիշեն վերադառնալ, հայտնել են, որ տուն տանող ճանապարհ չունի, տարհանվում են Ստեփանակերտ։ 

«Երբ Գևորգը իջել է դիրքերից, մեր տեղը չգիտեր։ Մեր հարևանն է ասել, որ Աշանում ենք։ Եկավ, երեխաները շատ ուրախացան։ Այդ ժամանակ ես արտասվում էի․ երանի բոլորի պապաները գային։ 2 օր անց մենք բռնեցինք Ստեփանակերտ տանող ճանապարհը, որը սովորաբար տևում էր 40 րոպե, բայց մենք անցանք օր ու կես։ Գաղթ էր։ Հայաստան հասանք 3 օրում, մեծ մեքենայով։ Երեխաները «կուզովի» մեջ էին, փոքրին փաթաթել էի «ադեալի» մեջ, որը մեր տնից միակ իրն էր, որ բերել ենք մեզ հետ»,- ամեն անգամ այդ օրերը հիշելով՝ արտասվում է կինը։ 

Հայաստանում հաստատվելուց հետո ընտանիքին ժամանակավոր պաշտպանության (փախստականի) կարգավիճակ չեն տվել, մինչ օրս երեխաները նպաստ չեն ստացել, որովհետև մայրն իր առաջին անձնագիրը ստացել է ՀՀ-ում։

«Ինձ ոչինչ պետք չէ, անվտանգության երաշխիքներ ստեղծեն, գնանք մեր տները, գնանք Արցախ, ինքը մեր կարիքն ունի, մենք՝ իր»,- եզրափակեց Զինա Գևորգյանը։

Հունան Թադևոսյան