Ո՞վ կործանեց «Ֆլայ Արնան»․ ԱՆԻՖ-ից չեն հերքում, որ տոմսերի վաճառքը դադարեցված է

Ո՞վ կործանեց «Ֆլայ Արնան»․ ԱՆԻՖ-ից չեն հերքում, որ տոմսերի վաճառքը դադարեցված է

««Ֆլայ Արնան» դժբախտ և դժգույն ընկերություն էր, մեզ պե՞տք էր «Ֆլայ Արնան»։ Այսպես կարտահայտվեր Շուշին և ամբողջ Արցախը անողոքաբար Ադրբեջանին հանձնած Նիկոլ Փաշինյանը, եթե «Ֆլայ Արնայի» ճակատագիրը որոշողն ու դրա կործանման կամ կործանման եզրին հասցնելու մեղավորն ու պատասխանատուն ուղիղ ինքը լիներ։ Բայց այս դեպքում «Ֆլայ Արնայի»՝ ֆինանսական խնդիրների, թռիչքների դադարեցման և փակման եզրին հասցնելու մեղավորն ու պատասխանատուները հենց իրենք են՝ «Ֆլայ Արնայի» ղեկավարությունն ու այս ընկերությանը ծնունդ տված Պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, որին էլ պատկանում է «Ֆլայ Արնայի» բաժնետոմսերի 49 տոկոսը։ Մյուս մասը պատկանում է արաբական «Էյր Արաբիա» ընկերությանը։  

2021 թվականի հուլիսի 14-ին հենց ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիա ընկերության միջև է ստորագրվել հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր, որով էլ ստեղծվեց «Ֆլայ Արնա» ընկերությունը՝ որպես հայկական նոր ազգային ավիաընկերություն։ Երեք տարի չանցած՝ ՀՀ կառավարության կողմից գովազդված և պարծանքի արժանացած այս բարձրագոչ՝ ազգային հորջորջվող, իսկ իրականում՝ ընդամենը հայ-արաբական համատեղ ընկերությունը կանգնած է կործանման եզրին։

MediaHub-ը հունվարի 16-ին գրել էր, որ «Ֆլայ Արնա» ընկերությունը դադարեցրել է տոմսերի վաճառքն ու այլևս թռիչքներ չի իրականացնում։ Ընկերությանը պատկանող երկու օդանավերից միակը, որ թռիչքներ էր իրականացնում Երևանից, նույնպես պատրաստվում է տեղափոխվել Շարժա, այնտեղից էլ՝ հայտնի չէ, թե ուր։ Ընկերության մյուս օդանավն էլ, հիշեցնենք, դեռ 2023 թվականի նոյեմբերի վերջին էր դուրս  բերվել Հայաստանի օդանավերի ռեգիստրից ու տեղափոխվել Շարժա, այնտեղից էլ՝ Հնդկաստան:

Սա նշանակում է, որ ընկերությունն այլևս չի գործելու։ Թե որն է պատճառը, ընկերության մամուլի ծառայությունից ոչ մի հոդաբաշխ բացատրություն չեն տալիս։ Ուստի փորձեցինք «Ֆլայ Արնայի» ճակատագրի վերաբերյալ պարզաբանում ստանալ այն ծնունդ տված Պետական հետաքրքրությունների ֆոնդից՝ ԱՆԻՖ-ից, որին ուղիղ յոթ հարց էինք ուղղել։

-Ի՞նչ իրավիճակ է այս պահին «Ֆլայ Արնա» ընկերությունում, արդյոք ընկերությունը վերջնականապես դադարեցրե՞լ է կամ մտադիր՞ է դադարեցնել իր թռիչքները։

-Ինչո՞ւ է ընկերության երկու օդանավերից մեկը հեռացել Հայաստանից՝ այլևս չիրականացնելով թռիչքներ Ազգային ավիափոխադրողի անվան տակ։

-Արդյոք մյուս օդանավը նույնպե՞ս պատրաստվում է հեռանալ Հայաստանից՝ դադարեցնելով թռիչքները այս ընկերության ներքո։

-Կա՞ն արդյոք ֆինանսական խնդիրներ «Ֆլայ Արնա» ընկերությունում, այդ թվում՝ հարկային, վարկային և այլ պարտավորություններ ընկերության կողմից, որոնք ժամանակին չեն մարվել, և ենթակա են մարման, այդ թվում՝ աշխատավարձերի վճարման պարտավորություն և ոչ միայն։ 

-Որպես «Ֆլայ Արնա» ընկերության բաժնետեր՝ ինչպե՞ս է բացատրում ԱՆԻՖ-ը «Ֆլայ Արնա» ընկերությունում ստեղծված իրավիճակը և ի՞նչ է պատրաստվում անել։

-Մինչ այս պահը որքա՞ն ներդրում է իրականացվել ԱՆԻՖ-ի կողմից «Ֆլայ Արնա» ընկերությունում։ Եթե ընկերությունը վերջնականապես դադարեցնի իր թռիչքները, ի՞նչ է լինելու ներդրումների ճակատագիրը։

-Արդյոք կարո՞ղ ենք համարել, որ այսպիսով Ազգային ավիափոխադրող ունենալու ծրագիրը ձախողվել է, եթե ոչ, ապա ի՞նչ է մտադիր անել ԱՆԻՖ-ը՝ «Ֆլայ Արնայի» օդանավերը նորից երկնքում տեսնելու համար։

Մի քանի օր մտածելուց հետո ԱՆԻՖ-ից ահա այս պատասխանն էին ուղարկել ընդամենը․ 
«Տեղեկացնում ենք, որ «Ֆլայ Արնա» Հայաստանի ազգային ավիաընկերության կողմից ավիատոմսերի վաճառքի վերսկսման ուղղությամբ աշխատանքներ են ընթանում»։ Առավել մանրամասների մասին առաջիկայում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

Փաստորեն, մեր ուղարկած բազմաշերտ հարցերից ոչ մեկին չեն պատասխանել՝ ո՛չ ֆինանսական խնդիրների մասին հարցին, ո՛չ օդանավի՝ Շարժա տեղափոխվելու, ո՛չ ընկերության ճակատագրի։

Ընդամենը մեկ տողանոց պատասխան են ուղարկել, որով, սակայն, չեն հերքել մեր տեղեկությունը, որ ավիատոմսերի վաճառքը դադարեցված է, որի վերսկսման ուղղությամբ հիմա իրենք աշխատանքներ են տանում։ Ի դեպ, մենք տեղեկացանք, որ ընկերության միակ օդանավը դեռ «Զվարթնոց» օդանավակայանում կայանած է, ընկերությունից փորձում են դեռ պահել օդանավը այստեղ՝ մի կողմից որպես երաշխիք, մյուս կողմից՝ հույսով, որ ինչ-որ պահի նորից կսկսի թռչել այն ազգային ավիափոխադրողի անվան տակ։

Սա, իհարկե, անպատասխանատու և անհարգալից վերաբերմունք է ԱՆԻՖ-ի կողմից ինչպես մամուլի, այնպես էլ իրենց աշխատանքի նկատմամբ։ Ու քանի որ մեր ուղարկած բովանդակային հարցերին իրենք տվել են այսպիսի անփույթ ու անբովանդակ պատասխան, հետևաբար մենք մեզ իրավունք ենք վերապահում հրապարակել մեր տեղեկությունները, թե որն է ընկերության կործանման պատճառը։ 

Մասնավորապես, MediaHub-ի տեղեկություններով՝ «Ֆլայ Արնա» ընկերության կողմից դեպի անկում գնալու և թռիչքների դադարեցման պատճառն ինչպես բուն ավիաընկերության, այնպես էլ «ԱՆԻՖ-ի ղեկավարության կողմից թույլ տրված տրված ֆինանսական չարաշահումներն են ու վատ մենեջմենթը, որի ուսումնասիրման և ջրի երես դուրս գալու արդյունքը կարող է հանգեցնել քրեաիրավական հետևանքների։ 

Հիշեցնենք, որ «Ֆլայ Արնա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն էր մինչ քաղաքապետ դառնալը։ Հիմա ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անդամ են հանդիսանում էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը, ինչպես նաև ֆինանսների նախարարության երկու նախկին պաշտոնյա՝ Էդգար Մկրտչյանը և Արման Ադիլխանյանը, որոնցից Մկրտչյանը հիմա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարն է, Ադիլխանյանը՝ մյուս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի։ Հետևաբար, քանի որ այս ամենի հետևում կանգնած է ՀՀ կառավարությունը, այս ամենը ծածկադմփոց է արվում ու հազիվ էլ բացահայտվի, թե ով և ինչպես հասցրեց կործանման հայկական ազգային ավիափոխադրող ընկերությանը։

Վահե Մակարյան