Մեր խաղաղապահներն արեցին այն գլխավորը, որը չպետք է մոռանալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Մեր խաղաղապահներն արեցին այն գլխավորը, որը չպետք է մոռանալ, նրանք խաղաղություն և կայունություն բերեցին հակամարտության տարածաշրջան։ News.ru պորտալին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Նա նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության հիման վրա 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարից ու ռազմական գործողություններից անմիջապես հետո ստեղծվել է ռուսական խաղաղապահ զորախումբը։
«Ի թիվս այլոց, նրանց ջանքերի շնորհիվ ստեղծվեցին անհրաժեշտ պայմաններ, որպեսզի հայկական և ադրբեջանական կողմերը կարողանան սկսել քննարկել ու գործարկել կարգավորման հիմնական ուղիները՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանների դեմարկացիա, խաղաղության պայմանագրի մշակում, շփումների զարգացում քաղաքացիական հասարակությունների միջոցով։ Այս բոլոր ոլորտներում աշխատանքն առաջ է ընթանում, թեկուզ տարբեր արագությամբ»,- ընդգծել է Գալուզինը։