ԵՄ առաքելությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ բացահայտ սադրիչ գործողություններ է իրականացնում․ ՌԴ փոխնախարար

ԵՄ առաքելությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ բացահայտ սադրիչ գործողություններ է իրականացնում․ ՌԴ փոխնախարար

ԵՄ առաքելությունն ավելի ու ավելի շատ է անում Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ ու բացահայտ սադրիչ գործողություններ է իրականացնում։ 

News.ru պորտալին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Այն փաստը, որ առաքելությունը հանդիսանում է ԵՄ հիբրիդային պատերազմի գործիք, հաստատում է դրա գաղտնիությունը, անպատասխանատվությունը և անվերահսկելիությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի, կամ այլ շահագրգիռ երկրների և կառույցների կողմից», - նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը։

Նա նշել է, որ ԵՄ առաքելությունը բացահայտ սադրիչ գործունեություն է ծավալում, ամբողջությամբ զբաղվում է հակառուսական քարոզչությամբ՝ հայ հասարակության մեջ սերմանելով կեղծ գաղափարներ Եվրամիության մասին՝ որպես Հայաստանի «անվտանգության և բարգավաճման աղբյուր», և որ դրա գործունեությունը գնալով ստանում է հակաադրբեջանական և հակաիրանական բնույթ։

Ըստ Գալուզինի՝ եթե խոսքը վերաբերում է երկարաժամկետ տարածաշրջանային անվտանգության, կայունության ու սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման խնդիրներին, ապա «ուրեմն այնտեղ չեն համապատասխանում արևմտյան երկրների՝ տարածաշրջանը ռազմականացնելու և ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ազդեցությունը ընդլայնելու ծրագրերը»:

Բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին։ «Հենց դա է անում 2021 թվականին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների որոշմամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը՝ երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ»,- ասել է նա։

Գալուզինը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «արևմտյան երկրների ճնշման ներքո Երևանը որոշել է սառեցնել եռակողմ համագործակցությունը նաև այս ուղղությամբ»։

Մոսկվան անհրաժեշտ է համարում «որքան հնարավոր է շուտ վերսկսել խմբի լիարժեք աշխատանքը ոչ միայն Հարավային Կովկասի տրանսպորտային և կապի համակարգը ապաշրջափակելու, այլև տարածաշրջանում կայուն խաղաղություն ու բարգավաճում ապահովելու համար»։