Կանադան ցանկանում է միանալ ԵՄ-ի խոշոր վերազինման ծրագրին

Կանադայի վարչապետ Մարկ Կարնին հույս է հայտնել, որ իր երկիրը կկարողանա միանալ Եվրոպայի խոշոր վերազինման «Պատրաստություն 2030» ծրագրին մինչև հուլիսի 1-ը։
Կանադական CBC հեռուստաալիքով ելույթ ունենալով՝ Կարնին քննադատել է Օտտավայի կախվածությունն ԱՄՆ-ից պաշտպանության ոլորտում։
«Պաշտպանության ոլորտում կապիտալ ծախսերի վրա օգտագործվող յուրաքանչյուր դոլարի յոթանասունհինգ ցենտը գնում է Միացյալ Նահանգներ: Դա խելամիտ չէ», - ասել է Կանադայի վարչապետը։
Կանադան բանակցություններ է վարում Եվրամիության հետ պաշտպանական ծրագրին մասնակցելու վերաբերյալ Կարնիի՝ պաշտոնը ստանձնելուց ի վեր՝ այս տարվա մարտին: «Պատրաստություն 2030» ծրագիրը նախատեսում է, որ ԵՄ երկրները պաշտպանության վրա կծախսեն 1.25 տրիլիոն դոլար հաջորդ 5 տարիների ընթացքում։