Քանի՞ մարդու մոտ է Գեղարքունիքում բրուցելոզ հայտնաբերվել

Քանի՞ մարդու մոտ է Գեղարքունիքում բրուցելոզ հայտնաբերվել

Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում բրուցելոզի դեպքեր էին արձանագրվել։ ՍԱՏՄ-ից հայտնել էին, որ փորձաքննության արդյունքներով՝ Չկալովկայում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր: Հիվանդ կենդանիները, տեսչական մարմնի տեսուչների վերահսկողությամբ, ենթարկվել էին հարկադիր սպանդի, որից հետո իրականացվել է ախտահանություն։
MediaHub-ը կապ էր հաստատել Չկալովկայի վարչական ղեկավար Վահրամ Կարապետյանի հետ, ով նշել էր, որ միայն իրենց գյուղում չէ այդ վիճակը, այլ ամբողջ ՀՀ–ում է բրուցելոզ հիվանդությունն  ակտիվացել:

Ի՞նչ է կատարվում այժմ գյուղում, քանի՞ մարդու մոտ է բրուցելոզ հայտնաբերվել. MediaHub-ը կրկին դիմեց Չկալովկայի վարչական ղեկավարին.

«Նորությունն այն է, որ ստուգեցին մարդկանց, բայց պատասխանները մեզ չեն ասել, սակայն, անհատական մարդկանց փոխանցել են պատասխանները։ Գրություն էի ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ խնդրելով, որ կրկնակի ստուգում իրականացվի համայնքում և չսպասեն աշնան պլանային ստուգմանը, բայց պատասխան դեռ չի եկել»,– նշեց Կարապետյանը։

Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, ապա համայնքի ղեկավարը նշեց, որ գրության մեջ այդ հարցով դիմել է նախարարին, դեռ պատասխան չկա։
MediaHub-ին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնել էին, որ ապրիլին մեկ բնակչի մոտ է բրուցելոզ հաստատվել, իսկ մայիսին երկու քաղաքացու մոտ է հիվանդությունն ախտորոշվել։

«100-ից ավելի նմուշառումներ է իրականացվել մարդկանց շրջանում, հետազոտության փուլում է, բրուցելոզի հիվանդության կարգն է պահանջում՝ մի քանի փուլով է իրականանում, անալիզները վերիֆիկացման փուլում են, որ հասկանան՝ նախկինում եղած հարուցիչներ են, թե՞ նոր հարուցիչներ են»,– նշել էին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Մարիաննա Արամյան