Փաշինյանի միակ հույսն այն է, որ թուրքերը խոստանան հայերին չմորթել սեփական երկրում

Հայաստանի Առաջին հանրապետության օրվա առթիվ իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը կարող է լինել հենց Հայաստանի Հանրապետությունը, իսկ դրա համար անհրաժեշտ է հարևանների հետ կարգավորել հարաբերությունները։ Իհարկե, եթե հաշվի չառնենք իրականությունն ու առաջնորդվենք տեսականորեն, ապա նա ճիշտ է։ Եթե չկա որևէ խնդիր, բնականաբար չի լինելու նաև հարձակման ենթարկվելու վտանգ, ինչն էլ իր հերթին հանգեցնում է այն մոտեցմանը, որ անվտանգության երաշխավորներ էլ պետք չեն։ Սակայն քաղաքականության մեջ իրականությունը հաշվի չառնելը հավասարազոր է ինքնասպանության։
Ես հեռու եմ այն մտքից, որ Նիկոլ Փաշինյանը ձգտում է ինքնասպանության։ Նրա այն պնդումը, որ արտաքին ուժերին ապավինելը վստահելի չէ, ուղղված է Ռուսաստանին, այլ խոսքով՝ Փաշինյանը հրաժարվում է Ռուսաստանի հետ դաշնակցային, այդ թվում ռազմական հարաբերություններից ու կրկին վերահաստատում ՀԱՊԿ-ից դուրս գալու նախկինում արված հայտարարությունը։
Սակայն Հայաստանն այնպիսի գերտերություն չէ, որ կարողանա ինքնուրույն հանդիսանալ ինքն իր երաշխավորը, նույնիսկ Եվրոպան ունակ չէ ապահովել սեփական անվտանգությունը, հետևաբար դուրս գալով ՀԱՊԿ-ից ու այլևս գործոն չհամարելով Ռուսաստանի հետ դաշնակցային պայմանավորվածությունը, Հայաստանին անհրաժեշտ է լինելու մեկ այլ անվտանգային համակարգ, ինչը բոլորն են հասկանում, որ գոյություն չունի։ ՀԱՊԿ-ի միակ այլընտրանքը ՆԱՏՕ-ն է, որը նախ՝ կորցրել է իր նախկին ազդեցությունը, երկրորդը՝ քաղաքական սթափությունը ստիպում է գիտակցել, որ Հայաստանը երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի կարող դառնալ։
Ուրեմն ո՞րն է այնուամենայնիվ լինելու այն անվտանգային համակարգը, որին մենք կապավինենք, այլ խոսքով, ո՞վ կամ ո՞վքեր են լինելու մեր անվտանգության երաշխավորները։
Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքից ակնհայտ է դառնում, որ մեր անվտանգության երաշխավորը պետք է հանդիսանան Ադրբեջանն ու Թուրքիան, քանի որ հենց նրանց հետ է, որ պետք է կարգավորենք մեր հարաբերությունները։ Շեշտում եմ, տեսականորեն ամեն ինչ շատ ճիշտ կդասավորվեր, եթե մեր այդ հարևաններն իրականում ձգտեին կարգավորել իրենց հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն նրանց կողմից նման ցանկություն գոյություն չունի։ Նրանց միակ ձգտումն է պարտադրել իրենց բոլոր պայմանները մեզ, որոնց ընդունումն էլ կհանգեցնի Փաշինյանի կողմից այդքան երազած «հարաբերությունների կարգավորմանը», ինչն էլ ժամանակի ընթացքում կհանգեցնի Հայաստանի Հանրապետության չգոյությանը։
Այսինքն, միայն Հայաստանի ամբողջական կապիտուլյացիան, տարածքային մեծապես կորուստները, Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելը, ամբողջովին թուրք-ադրբեջանական գերիշխանության տակ հայտնվելը, պետության ողնաշարի վերջնական փշրումը կհանգեցնի «հարաբերությունների կարգավորման», քանի որ այլևս պատերազմելու իմաստ էլ չի լինի։ Ու այդ պարագայում Թուրքիան ու Ադրբեջանը կհանդիսանան ոչ թե Հայաստանի Հանրապետության երաշխավորը, այլ ընդամենը կխոստանան, որ հայերին չեն մորթի իրենց իսկ երկրում։ Իսկ թուրքերի խոսքին հավատալը նույնն է, ինչ գլուխը կամովին դնել յաթաղանի տակ։
Հղումը, որ Հայաստանը ՄԱԿ-ի կողմից միջազգայնորեն ճանաչված պետություն է, ուստի որպես պետություն չի կարող կազմալուծվել, դատարկաբանություն է։ Առաջին հերթին ՄԱԿ-ին այլևս որևէ մեկը լուրջ չի ընդունում, երկրորդը՝ եթե նայենք մեր շուրջբոլորը, ապա ականատես կլինենք 21-րդ դարում մի շարք պետությունների փլուզմանն ու կազմալուծմանը։
Կարեն Կարապետյան