«Շիշ բռնող»-ին ու նախարարին մոտ 40 հարց են տվել. «Ժողովուրդ»

«Շիշ բռնող»-ին ու նախարարին մոտ 40 հարց են տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ ԱԺ-ում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի եւ ՔՊ խմբակցության պատգամավորների 4 ժամ տեւած դռնփակ հանդիպումը բավականին թեժ է եղել:

Ըստ մեր տեղեկությունների՝ շուրջ 40 պատգամավոր է գրանցվել նախարար Պապիկյանին ու ՔՊ խմբակցության պատգամավոր, մականունավոր՝ մեդիադաշտում «Շիշ բռնող» անունով հայտնի Հայկ Սարգսյանին հարցեր ուղղելու համար: Նրանք ներկայացրել են մի սկանդալային նախագիծ, ըստ որի՝ գումար մուծելու դեպքում ՀՀ քաղաքացին կարող է կրճատել իր զինվորական ծառայության ժամկետները, կամ ընդհանրապես չծառայել: Երեկ ՔՊ-ականները, կարելի է ասել, «հարձակվել» են Սուրեն Պապիկյանի ու Հայկ Սարգսյանի վրա՝ պահանջելով չեղարկել նախագիծը, քանի որ այն իրականում խտրական վերաբերմունք է պարունակում հանրության աղքատ խավի համար: Իսկ Հայկ Սարգսյանն անդրդվելի է մնացել. ՔՊ-ականների գրեթե բոլոր հարցերին նա պատասխանել է, թե շատ լավ նախագիծ է, ու ինքը չի պատրաստվում նախագիծը «հետ կանչել»:

ՔՊ-ականները «նեղն» են գցել նաեւ Պապիկյանին՝ հայտարարելով, որ իրենց համար անհասկանալի է, թե նման անմշակ նախագծին ինչպես կարող էին հավանություն տալ ՊՆ-ում: Իհարկե, Պապիկյանն ու Սարգսյանը բացատրել են, որ եթե գումար վճարեն, իրենք այդ պարագայում վճարողներին կվերցնեն որպես պայմանագրային զինծառայողներ, ու արդեն հավասարություն կլինի, բայց ՔՊ-ականները պնդել են, որ սոցիալական անարդարություն է լինելու:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ չորս ժամ տեւողությամբ փակ քննարկումն էլ արդյունք չի տվել, եթե նախագիծը առանց փոփոխության բերվի, ՔՊ-ն պատրաստվում է դեմ քվեարկել դրան»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: