Ինչու է պարանոցը ցավում․ Ի՞նչ հետևանքներ կարող են լինել

Ինչու է պարանոցը ցավում․ Ի՞նչ հետևանքներ կարող են լինել

Պարանոցի ցավը մեր օրերի տարածված խնդիրներից մեկն է, որն ահագին անհարմարություններ է պատճառում մարդկանց։ Քլիվլենդի կլինիկայի տվյալներով, ողնաշարի պարանոցային հատվածն ընդգրկող ցավը (ցերվիկալգիա) հանդիպում է 10-20 % մեծահասակների շրջանում։

Չբուժելու դեպքում այն կարող է մշտական անհարմարության պատճառ դառնալ՝ խաթարելով մարդու նորմալ կենսագործունեությունը։ Պարանոցի ցավը սովորաբար միանգամից չի առաջանում և ժամանակի ընթացքում խորանում է, սակայն, բարեբախտաբար, այն մեծամասամբ լուրջ խնդիր չէ և ենթակա է արդյունավետ բուժման։ Մայո կլինիկայի տվյալներով, պարանոցի ցավի առավել տարածված պատճառներն են. Մկանային լարվածությունը․ համակարգչի առջև երկարատև աշխատելը, սմարթֆոնների օգտագործումը, անգամ այնպիսի անվնաս թվացող գործողությունը, ինչպիսին անկողնում կարդալն է, կարող է հանգեցնել պարանոցի մկանների լարվածության։

Հոդային խնդիրները․ ինչպես և այլ հոդերը, պարանոցի հոդերը նույնպես ժամանակի ընթացքում մաշվում են՝ հանգեցնելով ոսկրային խթանների զարգացման, ազդելով հոդերի շարժունակության վրա և ցավեր առաջացնելով։ Նյարդերի սեղմումը․ պարանոցի քրոնիկական ցավերը կարող են կապված լինել նյարդերի սեղմման հետ, ինչը տեղի է ունենում ոսկրային ելուստների կամ պարանոցի միջողային ճողվածքների պատճառով, որոնք ճնշելով ողնուղեղից եկող նյարդերը, կարող են պարանոցի շրջանում մշտական անհարմարության ու ցավի պատճառ դառնալ։

Վնասվածքները․ վթարները, դժբախտ պատահարներն ու այլ անկանխատեսելի վիճակները կարող են պարանոցի փափուկ հյուսվածքների ու մկանների վնասվածքների պատճառ դառնալ՝ առաջացնելով ցավեր։ Որոշ հիվանդություններ․ առողջական մի շարք վիճակներ՝ մենինգիտը, ռևմատոիդ արթրիտն ու քաղցկեղը կարող են ուղեկցվել պարանոցի ցավի ախտանշանով։ Պարանոցի ցավը, որը դանդաղ է զարգանում և տևում է մի քանի շաբաթից մինչև 3 ամիս և ավելի, համարվում է քրոնիկական։ Պարանոցի ցավի առանձնահատկությունները հասկանալը կարևոր նշանակություն ունի ախտորոշման և բուժման արդյունավետության համար։ Մի քանի կարևոր ցուցիչներ կան, որոնք օգնում են ճիշտ միջոցներ ձեռնարկել խնդիրը լուծելու համար։

Նյարդավիրաբույժների ամերիկյան ասոցիացիան հայտնում է, որ պարանոցի ցավից բացի ճողվածքի կամ ոսկրային խթանների պատճառով նյարդերի սեղմումը կարող է առաջացնել նաև հետևյալ ախտանշանները՝ Ցավ ձեռքի շրջանում, թուլություն կամ թմրածություն ձեռքի կամ նախաբազկի շրջանում, ծակծկոց ձեռքերում ու մատներում, դժվարություններ հավասարակշռության պահպանման, քայլելու հետ կապված։

Պարանոցի ձախակողմյան կամ աջակողմյան ցավերը սովորաբար առաջանում են բորբոքման կամ մկանների լարվածության պատճառով՝ ասենք, անհարմար դիրքում քնելուց հետ։ Հազվադեպ այդպիսի ցավերի պատճառները կարող են ավելի լուրջ լինել, ինչպես արթրիտները կամ քաղցկեղը։ Գլխացավը, ջերմությունը և ծոծրակի մկանների պրկվածությունը կարող են հուշել մենինգիտի մասին։ Harvard Health-ն առաջարկում է կատարել պարզ գործողություններ՝ պարանոցի ցավից խուսափելու համար՝ Խուսափել երկար ժամանակ նույն դիրքում մնալուց․ պարբերաբար շարժվելն ու մարմնի դիրքի փոփոխությունը կօգնի նվազեցնել լարվածությունը։ Բարելավել աշխատանքային պայմանները․ Համակարգչի մոնիտորը տեղադրել աչքերի մակարդակում, հեռախոսային երկարատև զրույցների ժամանակ օգտագործել ականջակալներ, գադջեթներն օգտագործելիս խուսափել դրանք ծնկներին դնելուց, այլ տեղադրել որևէ մակերեսի վրա 45 աստիճան անկյան տակ։ Վերահսկել տեսողությունը, քանի որ լավ չտեսնելու կամ ոչ ճիշտ ակնոց կրելու դեպքում մարդը ստիպված գլուխն առաջ կամ ետ է տանում՝ լարելով պարանոցը։

Ընտրել ոչ շատ փափուկ ու միջին չափսի բարձ, որը կնպաստի քնելու ժամանակ ողնաշարի ճիշտ դիրքի պահպանմանը։ Հաշվի առնել ֆիզիկական սեփական հնարավորությունները որևէ ծանրաբեռնված գործունեություն իրականացնելուց առաջ։ Օրինակ՝ ծանր կահույք տեղափոխելիս գնահատել հնարավոր հետևանքներն ու ըստ անհրաժեշտության դիմել որևէ մեկի օգնությանը։ Մշակել քնի առողջ սովորություններ, որոնք կարող են նպաստել ընդհանուր առողջության բարելավմանը, այդ թվում՝ պարանոցի ցավերի կանխարգելմանը։

Վարժությունները նույնպես կարող են օգտակար լինել պարանոցի ցավի հաղթահարման հարցում։ Պարանոցը ձգող վարժությունները պարզ և վերահսկվող շարժումներ են, որոնցից ամենապարզ տարբերակն է՝ գլուխն աստիճանաբար մի կողմ թեքել մինչ հակառակ կողմում թեթև լարվածություն առաջանալը, ապա մոտ երկու վայրկյան սպասել ու գլուխը ելման դիրքին վերադարձնել՝ նույն վարժությունը կատարելով նաև հակառակ կողմում։ Մայո կլինիկան նաև խորհուրդ է տալիս ցավազրկող դեղամիջոցներ օգտագործել պարանոցի սուր ցավերի դեպքում։ Օրինակ՝ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղորայք, ինչպիսին իբուպրոֆենն է, ինչպես նաև այլ միջոցներ, որոնք նշանակվում են բժշկի կողմից։