Ինչո՞ւ են Հայրապետի սպանությունից հետո ԶՊՄԿ-ում փոխել պահնորդների համազգեստը

Ինչո՞ւ են Հայրապետի սպանությունից հետո ԶՊՄԿ-ում փոխել պահնորդների համազգեստը

Ինչպես MediaHub-ն ավելի վաղ հայտնել էր՝ օրեր առաջ Սյունիքի մարզի Աճանան գյուղի տարածքում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողը շատ արագ դարձավ միակ կասկածյալը Կապանում տեղի ունեցած սպանության մեջ։ Այս պահին՝ ոչ պաշտոնապես:

MediaHub-ի հետ զրույցում Աճանան գյուղի բնակիչ Գոռ Օհանջանյանն  այսօր պատմել էր, որ մարզում մի քանի վարկածներ են պտտվում և առաջինն այն է, որ երբ ադրբեջանցի զինծառայողը հանդիպել է ԶՊՄԿ աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանին, իրեն թվացել է, թե ինչ-որ զորամասում է հայտնվել, քանի որ Հայրապետի հագինը զինվորական համազգեստի է նման եղել։

MediaHub-ը տեղեկությունը ճշտելու համար դիմեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանին, վերջինս նշեց՝ պահնորդի հագուստն իսկապես զինվորական համազգեստ է հիշեցրել։

«Առաջին հայացքից տպավորությունն այնպես է եղել, թե տվյալ հագուստը սահմանապահ զորքերի համազգեստ է։ Եթե չեմ սխալվում, այդ համազգեստը 20 օր առաջ են փոխանցել պահնորդներին։ Եվ, այո, չեմ բացառում, որ ադրբեջանցի զինծառայողը վախից է սպանել պահնորդին, քանի որ, երբ նայում ենք նրա հետագիծը, պարզ է դառնում, որ մոլորվել է, ենթադրում ենք, որ նրան թվացել է՝ ինչ-որ դիրքում է հայտնվել։ Չեմ բացառում նաև այն վարկածը, թե հեռախոսի համար է սպանել, հնարավոր է նաև, որ պարզապես ազգամիջյան ատելությունն է եղել սպանության պատճառը, բայց այն, որ համազգեստն առաջին հայացքից դժվար էր տարբերել զինվորականից՝ փաստ է»,-ասաց նա։ 

Հարցին, թե միջադեպից հետո արյդո՞ք համազգեստը փոխել են, պատգամավորը պատասխանեց՝ իր տեղեկություններով՝ կատարվածից մեկ օր անց համազգեստները փոխվել են։ Ճշտող հարցին՝ չի՞ զգուշացվել, որ համազգեստները զինվորականի տպավորություն են թողնում, վերջինս պատասխանեց․

«Ենթադրում եմ, որ զգուշացված պետք է լինեին, բայց ճիշտ կլինի, որ ԱԱԾ-ից ճշտեք»։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին հրազենով սպանվել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդ 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանը։ Պահնորդը Կապանի թաղամասերից մեկում՝ Շղարշիկում, որը ԶՊՄԿ-ի բազմաթիվ պահակակետերից մեկն է, պոչատար գնացող խողովակաշարի վրա աշխատելիս է եղել։ Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի զննությամբ՝ մարմնի վրա հայտնաբերվել է հրազենային 6 վնասվածք, այդ թվում գլխի և որովայնի հատվածում: 
Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ հայտնաբերվել է ապրիլի 10-ին ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի զինծառայողներից երկրորդը և այս պահին ԶՊՄԿ աշխատակցի սպանության մեջ նա է կասկածվում, քանի որ վերջինիս մոտ հեռախոս են գտել, որը, ենթադրվում է, որ սպանված քաղաքացու հեռախոսն է։ 

ՀՀ գլխավոր դատախազությունն  այսօր տեղեկացրեց, որ Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանք կալանավորվել են: Նրանց, մասնավորապես, մեղադրանք է առաջադրվել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու հանրայնորեն վտանգավոր արարքներ կատարելու համար հարուցել: Հայրապետ Մելիքսեթյանի մահվան մասով այս պահին պաշտոնապես ոչինչ չի հայտարարվում, ադրբեջանցիներին մեղադրանք առաջադրված չէ։