Կոմբինատի աշխատողներն ասացին՝ Հայրապետի հեռախոսն է ադրբեջանցու մոտ․ աճանանցի

Կոմբինատի աշխատողներն ասացին՝ Հայրապետի հեռախոսն է ադրբեջանցու մոտ․ աճանանցի

Մենք ադրբեջանցուն գտանք, իր մոտ հեռախոս կար, ԶՊՄԿ-ից աշխատողներ եկան, ասացին, որ երեկ սպանված Հայրապետի հեռախոսն է։

Այս մասին MediaHub-ին պատմեց Աճանան գյուղի բնակիչ Գոռ Օհանջանյանը, որը մասնակից է եղել ադրբեջանցի զինծառայողի հայտնաբերմանը։

«Մենք նրան ճանապարհի հարևանությամբ ենք գտել, ես գյուղից քաղաք էի գնում, ադրբեջանական ֆորմայով մարդ տեսանք, կանգնեցրինք, հարցեր տվեցինք, պարզվեց, որ ադրբեջանցի էր։ Չէինք էլ հասկանում հստակ ինչ է ասում, բայց մոտից պատրոններ ենք գտել, դիմակ և այլն»,-պատմեց Գոռը։

Աճանանցին մանրամասնեց, որ այն, ինչ գտել են ադրբեջանցու մոտ, փոխանցել են Ոստիկանությանը։

«Հուսանք, որ կկարողանանք պարզել ամեն ինչ, մեր գտածներն էլ հաստատ կօգնեն, որ քննությունը տարվի, պարզի կատարվածը։ Իր մոտ զենք չկար, ավտոմատի պատրոններ էր»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը:

MediaHub-ի տեղեկություններով` ադրբեջանցի զինծառայողը հայտաբերվել է Կապան համայնքի Նորաշենիկ ենթաշրջանի Աճանան գյուղում։ 

Աճանանի գյուղապետը մեզ պատմեց, որ մայրուղու տարածքում գյուղացիները կեղտոտ, կանաչ շորերով մեկին են տեսել, որը կասկածելի է թվացել իրենց։ Ոստիկանություն են դիմել, որից հետո ադրբեջանցին ձերբակալվել է։

Հիշեցնենք նաև, որ երեկ սպանություն է տեղի ունեցել Կապանում։ Սպանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդ 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանը։

Պահնորդը Կապանի թաղամասերից մեկում՝ Շղարշիկում, որը ԶՊՄԿ-ի բազմաթիվ պահակակետերից մեկն է, պոչատար գնացող խողովակաշարի վրա աշխատելիս է եղել։ Նրան սպանել են հրազենով, պատճառներն ու հանգամանքները դեռևս անհայտ են։ 

MediaHub-ի հետ զրույցում մի քանի սյունեցիներ պատմեցին, թե իրականում սպանության մեջ կասկածվում է այն ադրբեջանցի զինծառայողը, որն այսօր հայտնաբերվել է և ձերբակալվել Աճանան գյուղի տարածքից։

Լիաննա Թորոսյան