Ձերբակալված ադրբեջանցին ԶՊՄԿ-ի աշխատակցի սպանության մեջ է կասկածվում

Ձերբակալված ադրբեջանցին ԶՊՄԿ-ի աշխատակցի սպանության մեջ է կասկածվում

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, սպանություն է տեղի ունեցել Կապանում։ Սպանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդ 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանը։

Պահնորդը Կապանի թաղամասերից մեկում՝ Շղարշիկում, որը ԶՊՄԿ-ի բազմաթիվ պահակակետերից մեկն է, պոչատար գնացող խողովակաշարի վրա աշխատելիս է եղել։ Նրան սպանել են հրազենով, պատճառներն ու հանգամանքները դեռևս անհայտ են։ 

MediaHub-ի հետ զրույցում մի քանի սյունեցիներ պատմեցին, թե իրականում սպանության մեջ կասկածվում է այն ադրբեջանցի զինծառայողը, որն այսօր հայտնաբերվել է և ձերբակալվել Աճանան գյուղի տարածքից։

«Մենք ոչինչ հիմա չենք կարող հստակ ասել, բայց այն, որ 90 տոկոս նա է մեղավոր, բոլորն են այդ մասին խոսում։ Երեկ վախը սրտներումս ենք քնել, թե մեր դուռն էլ չծեծեն, հետո սպանեն։ Անմեղ զոհ ունեցանք, բայց չգիտես էլ, թե ում մեղադրես, որովհետև ամեն ինչ անսպանելի է եղել»,- ասաց Սյունիքի քաղաքացիներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը:

MediaHub-ի տեղեկություններով` ադրբեջանցի զինծառայողը հայտաբերվել է Կապան համայնքի Նորաշենիկ ենթաշրջանի Աճանան գյուղում։ 

Աճանանի գյուղապետը մեզ պատմեց, որ մայրուղու տարածքում գյուղացիները կեղտոտ, կանաչ շորերով մեկին են տեսել, որը կասկածելի է թվացել իրենց։ Ոստիկանություն են դիմել, որից հետո ադրբեջանցին ձերբակալվել է։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության համաձայն՝ եղանակային անբարենպաստ պայմանների՝ ցածր տեսանելիության հետևանքով Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանցի երկու զինծառայող է մոլորվել։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողներից մեկը Սիսիանի գյուղերից մեկում է  հայտնվել։ Նա ձերբակալվեց:

Նախօրեին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանցին չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան:

ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ, ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Վերջինիս հայտնաբերել էին Սյունիքի մարզի Աշոտավան գյուղի փողոցում, որից առաջ նա եղել էր Բնունիս համայնքում և ինչպես Բնունիսի վարչական ղեկավարն էր հայնտել MediaHub-ին՝ ադրբեջանցին գյուղացիներից մեկի տան զանգն է տվել, հետո փախել։