Հայաստանը չի տուգանվել, պատժամիջոցներ էլ չկան. փոխնախարար

Հայաստանը չի տուգանվել, պատժամիջոցներ էլ չկան. փոխնախարար

Սուտ է, թե Հայաստանը տուգանվել է 300 000 եվրոյով՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ Ադրբեջանի դրոշի այրման միջադեպի պատճառով։

Այս մասին այսօր MediaHub-ին փոխանցեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։

«Անհիմն սուտ է, մենք չենք տուգանվել, ֆինանսական որևէ տուգանք չկա։ Որպես այդպիսին, պատժամիջոցներ էլ չկան, պարզապես գործնականում Ծանրամարտի Աշխարհի առաջնությունը 2024 թվականին  Հայաստանում անցկացնելու իրավունք ունեինք, սակայն սա հիմա կասկածի տակ է դրվել, քննարկում են՝ այդ իրավունքը տալ, թե ոչ։ Մարզական առումով մենք որևէ խնդիր չունենք, սպորտային մասը բացառիկ և հրաշալի կերպով է կազմակերպված»,- ասաց նա։

Գիլոյանը նշեց, որ որևէ բռնություն չի եղել, տեղի ունեցած միջադեպն էլ սպորտային իվենթի ժամանակ չի գրանցվել, եղել է բացման արարողության ժամանակ.

«Այո, տգեղ էր, դատապարտել ենք, բայց հիմա եղել, անցել է։ Հիմա ցույց ենք տալիս, որ միջազգային մեր գործընկերները միաբերան գովում են, ասում են՝ օլիմպիական մակարդակ է սա»,-ասաց նա։

Հարցին, թե Թուրքիայի ներկայացուցիչների հետ խնդի՞ր եղել է, վերջինս պատասխանեց՝ ոչ մի խնդիր չի եղել։ 

«Թուրքիայի ներկայացուցիչը չեմպիոն դարձավ, դրոշը բարձրացավ, օրհներգը հնչեց»,- հիշեցրեց ԿԳՄՍ փոխնախարարը։

Տեղի ունեցած միջադեպի հետևանքների մասին խոսելիս Գիլոյանն ընդգծեց, որ հիմա բոլորի մոտ ստիպված են արդարանալ և բացատրել, որ ակցիան պետական մակարդակով չի կազմակերպվել, հակառակը՝ պետական մակարդակով այն քննադատվում է։

Լիա Սարգսյան