Սպանված Հայրապետի հագինը զինվորական «ֆորմա է» հիշեցրել, ադրբեջանցին վախեցել, սպանել է․ ի՞նչ վարկածներ կան Սյունիքում

Սպանված Հայրապետի հագինը զինվորական «ֆորմա է» հիշեցրել, ադրբեջանցին վախեցել, սպանել է․ ի՞նչ վարկածներ կան Սյունիքում

Օրեր առաջ Սյունիքի մարզի Աճանան գյուղի տարածքում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողը շատ արագ դարձավ միակ կասկածյալը Կապանում տեղի ունեցած սպանության մեջ։ 

Ապրիլի 12-ին հրազենով սպանվել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդ 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանը։ Պահնորդը Կապանի թաղամասերից մեկում՝ Շղարշիկում, որը ԶՊՄԿ-ի բազմաթիվ պահակակետերից մեկն է, պոչատար գնացող խողովակաշարի վրա աշխատելիս է եղել։ 

Ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովն իր ծառայակցի հետ նախորդ շաբաթ էր փախել հայրենիքից ու Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, թե զինծառայողներից են նեղված, ճնշումներ են գործադրել իրենց վրա։

«Ճնշված» Հուսեյն Ախունդովը, սակայն, իր ինստագրամյան էջում տեսանյութ էր տարածել Հայաստանից, որտեղ ասում է, թե իրենք հայրենիքի դավաճան չեն, հայերի արյուն են թափել։ Սա այն պատճառներից մեկն է, որ Սյունիքում հենց վերջինիս են կասկածում 56-ամյա Հայրապետի սպանության մեջ, և ենթադրություններն ավելի ամրապնդվեցին, երբ ադրբեջանցի զինծառայողի մոտ գտան հեռախոս, որը, ինչպես շատերը հաստատեցին, հենց Հայրապետի հեռախոսն էր։ 

MediaHub-ի հետ զրույցում Աճանան գյուղի բնակիչ Գոռ Օհանջանյանը պատմեց՝ երբ ընկերներով գտել են ադրբեջանցուն, գրպանից SAMSUNG A51 են գտել և կոմբինատի աշխատակիցներն ասել են՝ Հայրապետի հեռախոսն է։

MediaHub-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ վարկածներ են պտտվում Սյունիքում, ո՞րն է եղել սպանության իրական պատճառը․ մի քանի տարբերակններ կան։ 

«Դե, առաջինն այն է, որ երբ ադրբեջանցին հանդիպել է Հայրապետին, իրեն թվացել է, թե ինչ-որ չաստում է հայտնվել, քանի որ Հայրապետի հագինը զինվորական ֆորմայի է նման, իրենք բոլորը ֆորմաներ են հագնում, բայց, իհարկե, ոչ զինվորական, այլ՝ անվտանգության աշխատակցի։ Մյուս տարբերակն այն է, որ հեռախոսը վերցնելու համար է սպանել, որ կարողանա GPS-ով տարածքը գտնի, տեղաշարժվի»,-պատմեց նա։ 

Ստացվում է՝ ադրբեջանցին վախեցել է զինվորական համազգեստ հիշեցնող հագուստից ու սպանել քաղաքացուն։

Թե որն է շրջանառվող վարկածներից իրականը, դեռ պարզ չէ։ Ամեն դեպքում, Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի զննությամբ՝ մարմնի վրա հայտնաբերվել է հրազենային 6 վնասվածք, այդ թվում գլխի և որովայնի հատվածում: 

Ավելի վաղ MediHub-ին ՀՀ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը փոխանցեց, որ ԶՊՄԿ սպանված աշխատակցի հեռախոսի վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկությունների ստուգման ուղղությամբ վարույթի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվել։

«Սպանության վարույթով հանցագործություն կատարած անձի կամ անձանց հայտնաբերման ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում, բայց այս պահին, նկատի ունենալով նաև, որ տվյալ անձը ՀՀ ՔԿ-ին չի ներկայացվել, նրա հետ համապատասխան քննչական գործողություններ վարույթի շրջանակներում չեն իրականացվել, նաև վարույթով այլ տվյալներ չեն ստացվել դեռևս, սպանությանը նրա առնչության վերաբերյալ հաստատող կամ հերքող տեղեկատվություն դեռևս չենք կարող տալ»,-օրեր առաջ ասել էր Աբրահամյանը։

Մինչդեռ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանք կալանավորվել են: Նրանց, մասնավորապես, մեղադրանք է առաջադրվել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար հարուցել: Հայրապետ Մելիքսեթյանի մահվան մասով այս պահին պաշտոնապես ոչինչ չի հայտարարվում, ադրբեջանցիներին մեղադրանք առաջադրված չէ: