ԶՊՄԿ սպանված աշխատակցի հեռախոսի վերաբերյալ շրջանառվող լուրերը ստուգվում են. ՔԿ

ԶՊՄԿ սպանված աշխատակցի հեռախոսի վերաբերյալ շրջանառվող լուրերը ստուգվում են. ՔԿ

ԶՊՄԿ սպանված աշխատակցի հեռախոսի վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկությունների ստուգման ուղղությամբ վարույթի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվել։ Այս մասին այսօր MediaHub-ին փոխանցեց ՀՀ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ 

Հիշեցնենք, որ երկու օր առաջ սպանություն է տեղի ունեցել Կապանում։ Սպանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդ 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանը։ Պահնորդը Կապանի թաղամասերից մեկում՝ Շղարշիկում, որը ԶՊՄԿ-ի բազմաթիվ պահակակետերից մեկն է, պոչատար գնացող խողովակաշարի վրա աշխատելիս է եղել։ Նրան սպանել են հրազենով, պատճառներն ու հանգամանքները դեռևս անհայտ են։ 

Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի զննությամբ՝ մարմնի վրա հայտնաբերվել է հրազենային 6 վնասվածք, այդ թվում գլխի և որովայնի հատվածում: 

Հիշեցնենք նաև, որ երեկ հայտնաբերվել է ապրիլի 10-ին ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի զինծառայողներից երկրորդը և այս պահին ԶՊՄԿ աշխատակցի սպանության մեջ նա է կասկածվում, քանի որ վերջինիս մոտ հեռախոս են գտել, որը, ենթադրվում է, որ սպանված քաղաքացու հեռախոսն է։ 

«Սպանության վարույթով հանցագործություն կատարած անձի կամ անձանց հայտնաբերման ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում, բայց այս պահին, նկատի ունենալով նաև, որ տվյալ անձը ՀՀ ՔԿ-ին չի ներկայացվել, նրա հետ համապատասխան քննչական գործողություններ վարույթի շրջանակներում չեն իրականացվել, նաև վարույթով այլ տվյալներ չեն ստացվել դեռևս, սպանությանը նրա առնչության վերաբերյալ հաստատող կամ հերքող տեղեկատվություն դեռևս չենք կարող տալ»,-ասաց Աբրահամյանը։ 

Լիաննա Թորոսյան