Աղբակույտը իր բերանն է․ քրիստոնյա ժողովուրդը պետք է հասկանա՝ Փաշինյանը և Քրիստոնեությունը հականիշներ են

Աղբակույտը իր բերանն է․ քրիստոնյա ժողովուրդը պետք է հասկանա՝ Փաշինյանը և Քրիստոնեությունը հականիշներ են

«Աղբանոցը կամ աղբակույտը ոչ թե եկեղեցու հարակից տարածքներում են, այլ Հայ առաքելական եկեղեցին «չուլան» անվանող մարդու բերանը»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի կառավարության այսօրվա նիստում հնչեցրած՝ «Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չու-լա-նաց-ված» միտքը։ 

«Ես որպես վանահայր և մտածող հայ, 2018-ին էլ եմ ասել, 2020 թվականի պատերազմի ժամանակ էլ, պատերազմից հետո է, Արցախի հայաթափումից հետո էլ, հիմա էլ եմ ասում. Նիկոլ Փաշինյանը հայ չէ։ Որպես երկրի առաջնորդ, 7 տարվա ընթացքում ի՞նչ է նա արել եկեղեցու համար՝ Աստծո տունը անարգելուց, նվաստացնելուց և քարկոծելուց բացի»,- հարցադրում է հնչեցնում քահանան։ 

Տեր Հովհաննեսի խոսքով՝ իրեն վաղուց չի զարմացնում Փաշինյանի և ոչ մի հակահայ խոսք ու քայլ։

Հարյուրավոր հայկական եկեղեցիներ թշնամուն նվիրած ղեկավարը, այսօր խոսում է Հայ առաքելական եկեղեցու այսպես կոչված «չուլանացումից» ու սրբավայրերն աղբակույտի վերածելու պրոցեսից։

«Ինչպես ինքը չի վիրավորվում, երբ նրան թուրք են անվանում, նկատի առնելով որպես թշնամի, այնպես էլ ես չեմ վիրավորվում, երբ նա եկեղեցին է թիրախավորում նման բառամքերքով։ Նիկոլ Փաշինյանից այլ բան չեմ սպասում։ Քրիստոնյա ժողովուրդը չպետք է նեղանա այդ արտահայտություններից, քանի որ Փաշինյանը և Քրիստոնեությունը հականիշներ են»,- հավելեց եկեղեցականը։

Նշենք, որ Մայր Աթոռից պաշտոնական մեկնաբանություն լսել մեզ այդպես էլ չհաջողվեց:

Հունան Թադևոսյան