Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ազատության պողոտայում ջրերը դեռ հոսում են․ խնդիրը շարունակում է չլուծված մնալ

Blog Image

MediaHub-ը դեռ անցած շաբաթ գրել էր, որ Ազատության պողոտայում ոռոգման ջրի խողովակների հետ կապված խնդիր կա, ինչի հետևանքով պողոտան ողողված է հոսող ջրերով։ 

Թե Հայաստանի տարբեր մարզերում ջուր չկա բերքը ջրելու, խնամելու համար, Երևանում հակառակն է՝ փողոցներում անտեղի ջրեր են հոսում։ Մեզ դիմած քաղաքացիները պատմում են, որ Ազատության պողոտայում շաբաթներ շարունակ ջրեր են հոսում, որի պատճառը վնասված խողովակներն են։ 

Դեռ անցած շաբաթ մեզ հետ զրույցում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն ասաց, որ ոռոգման ջրագծի վթար է տեղի ունեցել, և դրա համար  ունենք նման իրավիճակ։ Բեգոյանի խոսքով՝ Ազատության պողոտայում մոտ 400-500 քմ ջրատար կա, սակայն դրանք շատ հին են, շարքից դուրս են եկել, փտած են և այլևս օգտագործման ենթակա չեն։

Արդեն մի քանի շաբաթ փողոցում առկա խնդիրը շարունակում է չլուծված մնալ։ Ազատության պողոտան շարունակում է հոսող ջրով պատված լինել, իսկ քաղաքացիները ստիպված են կա՛մ ճանապարհ փոխել, կա՛մ էլ թռիչք կատարել «գետի» վրայով՝ թրջվելուց խուսափելու համար։

Այսօր նորից MediaHub-ը կապ հաստատեց Արմեն Բեգոյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ այսքան օրերի ընթացքում խնդիրը  չի լուծվել: Վերջինս նշեց՝ մեր ահազանգից հետո աշխատանքային խումբ է մեկնել դեպքի վայր։

«Այն խողովակը, որը նախատեսվում է փոխել, գրեթե շահագործման ենթակա չէ, հազար տեղից ամբողջությամբ փտած է: Մի տեղում կարող ա սվառկա անենք, մի ժամ հետո նորից ջուրը բաց թողնի կամ մի քանի մետր ներքևից»,- ասաց նա։                                                     
Ճշտող հարցին՝ իսկ մինչև աշխատանքների մեկնարկը քաղաքացիներն ի՞նչ պետք է անեն, այլ ի՞նչ տարբերակ կարող է լինել, ասաց. «Եկեք փակենք ջուրը, ապա կզրկենք Կենտրոն վարչական շրջանը, Հաղթանակ զբոսայգին, Զեյթունի մի մասն ու Արաբկիր վարչական շրջանը ջրից»։

Ավելի վաղ Բեգոյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Երևանի քաղաքապետարանը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ հայտարարել է նոր մայր ջրագծի անցկացման նախագծման մրցույթ։ Նախագծման մրցույթը կայացել է, ինչպես նաև ավարտվել է շինարարական մրցույթը:

«Մրցույթը դրվել է առանց ֆինանսական միջոցների առկայության, հիմա Երևանի քաղաքապետարանը միջոցներ է հայթայթել, տրամադրել, որ սկսվի խողովակաշարի ջրագծի փոխարինման աշխատանքները»,- ասել էր նա:

Էմմա Մարտիրոսյան

Send