ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը սեպտեմբերի 19-ին հայտարարեց մանդատից հրաժարվելու և «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի կողմից ձևավորվող նոր կուսակցությանն անդամակցելու մասին, և հաջորդն օրը տեղի ունեցավ նոր կուսակցության՝ ՄԱՀԱԿ-ի համագումարը։ ՄԱՀԱԿ-ը «Մայր Հայաստան կուսակցության» հապավումն է։ Այս կապակցությամբ MediaHub-ը մի քանի հարց է ուղղել Արեգնազ Մանուկյանին։
-Տիկին Մանուկյան, ՄԱՀԱԿ-ը բացել եք, որ մասնակցեք, ենթադրաբար 2026 թվականի ընտրությունների՞ն։
-Եթե մինչ այդ այլ արտահերթ գործընթացներ տեղի չունենան, բնականաբար, այո, մասնակցելու ենք։
-Իսկ արտահերթի հույս կա՞, կարծում եք՝ կլինի՞ արտահերթ ընտրություն, այդ թվում՝ իմպիչմենտի միջոցով։
-Ընդհանրապես որևէ բան բացառել հնարավոր չէ, կարող է նաև ֆորսմաժորային իրավիճակներ տեղի ունենան: Այս պահի դրությամբ, ցավոք սրտի, էդպիսի իրավիճակ չեմ տեսնում՝ արտահերթ գործընթացների, այդ թվում՝ իմպիչմենտի համար, որի համար թեև բոլոր նախադրյալներն ու իրավական հիմքերը կան, բայց համապատասխան պայմանները չկան, որովհետև ՔՊ-ի պատգամավորներն իրենք են իրենց որպես ուսապարկեր բնութագրել, և բնական է, որ վերևից ինչ հրահանգ իջնի, այդ հրահանգն էլ կատարելու են, հետևաբար, շատ քիչ եմ հավանական համարում, որ այս պահի դրությամբ համենայնդպես իրենցից որևէ մեկը միանա իմպիչմենտի գործընթացին։
-Իսկ ինչպե՞ս որոշվեց, որ Դուք «Հայաստան» դաշինքից դուրս գաք և մտնեք ՄԱՀԱԿ, և Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմն ինչպե՞ս ընդունեցին այդ հանգամանքը, թե՞ փոխադարձ համաձայնեցված էր և այդպես էր պետք։
-Նախ տեղեկացնեմ, որ ՄԱՀԱԿ-ը «Մայր Հայաստան» կուսակցության ոչ պաշտոնական հապավումն է, պարզապես էդպես նաև մենք ուզում էինք հակադրությունը ցույց տալ, որ մենք պետք է իրենց պողպատե մուրճին հակադրենք մեր մահակը։ Իսկ մանդատից հրաժարվելու որոշումը իմն է եղել, վաղուց հասունացած որոշում էր, և իմ գաղափարակից ընկերները, ինձ ճանաչողներն այդ մասին շատ լավ գիտեն։ Խմբակցության գործընկերները, բնականաբար, շատ նորմալ են ընդունել իմ որոշումը, էնպես որ, որևէ խնդիր էդտեղ չկա։
-Մի տեսակ երկվություն է առաջանում․ կա Ռոբերտ Քոչարյանի թիմ, որի կորիզը դեռ հստակ չէ՝ ովքեր են, որի անդամ էիք Դուք, և կա Անդրանիկ Թևանյան, որը ևս Ռոբերտ Քոչարյանի թիմակիցն է եղել, և հիմա էլ, այնպես չէ, որ դեմ է դրան։ Հետևաբար, Ռոբերտ Քոչարյանը վաղը ո՞ւմ դեմքով է ներկայանալու՝ հենց Անդրանիկ Թևանյանի՞ դեմքով, առանձի՞ն՝ իր սեփաական դեմքով ու թիմով, թե՞ հնարավոր է Թևանյանի ՄԱՀԱԿ-ն ու Քոչարյանը հանդես գան միասին, այսինքն՝ դաշինքով։
-Ընտրությունների ձևաչափի մասով դեռ վաղ է որևէ բան խոսելը, բայց այն կեղծ թեզը, թե «Մայր Հայաստան» շարժումը որևէ առնչություն ունի Ռոբերտ Քոչարյանի հետ, դա ՔՊ-ի շրջանառած թեզն է, որը իրենք շատ են բարձրաձայնում և մանիպուլացնում նաև ավագանու նիստերին։ Բնականաբար, յուրաքանչյուրն ունի իր մարտավարությունը, բայց նպատակը նույնն է՝ հասնել այս իշխանությունների հեռացմանը, հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, և «Մայր Հայաստանը» երեկ տեղի ունեցած կուսակցության համագումարում հայտարարեց, որ պետք է հայաստանյան քաղաքական դաշտը մաքրել քաղաքական աղբից։ Մենք նաև մեր համագումարում կոչ արեցինք մյուս բոլոր՝ իրական, գաղափարական, ազգային ուժերին, դադարեցնել միմյանց հանդեպ փոխհրաձգությունը, հայտարարել հրադադար, ինչպես դա տեղի ունեցավ Գյումրու ընտրությունների ժամանակ, և որպես թիվ մեկ թիրախ՝ ընտրել Նիկոլ Փաշինյանին, նրա թիմին և նրանց վարած թուրք-ադրբեջանական քաղաքականությունը։ Մենք մեզ նման ճոխություն չենք կարող թույլ տալ, մենք այն իրավիճակում չենք, որ ներընդդիմադիր գզվռտոցի վրա մեր էներգիան ծախսենք, պետք է ճիշտ հակառակը՝ միավորվենք, մեր ջանքերը միավորենք և կենտրոնանանք այս իշխանություններին հեռացնելու վրա։
-Հիմա Անդրանիկ Թևանյանը, ըստ Ձեզ, որևէ առնչություն չունի՞ Ռոբերտ Քոչարյանի հետ, որևէ կերպ չի՞ աֆիլացվում երկրորդ նախագահի ու նրա թիմի հետ, լիարժեք անկա՞խ է գործում։
-«Մայր Հայաստան» կուսակցությունը առանձին միավորում է, առանձին քաղաքական ուժ է, Անդրանիկ Թևանյանը եղել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր, հրաժարվել է մանդատից Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, ինչպես որ ես հրաժարվեցի իմ մանդատից, մենք մեր առանձին, ինքնուրույն միավորն ունենք, մեր տեսլականն ունենք, մեր ծրագրային դրույթներն ունենք, մեր քայլերի հաջորդականությունն ունենք, մենք այսօրվանից արդեն, օրինակ, Էջմիածնում ստորագրահավաք ենք սկսում և իրազեկման ակցիա ենք իրականացնելու՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու, ինչպես նաև, մենք հայտարարել ենք, որ որպես առանձին կուսակցություն՝ մասնակցելու ենք Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրություններին։ Իսկ 2026 թվականին, թե ինչ կոնֆիգուրացիա կլինի, արդեն ժամանակը ցույց կտա։ Համենայնդեպս, ազգային ուժերի հետ համագործակցության որևէ եզր մենք չենք բացառում։
Վահե Մակարյան