2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ խոսնակը որոշել է ուղարկել Առաջին բաժին։
Սա նշանակում է, որ հանրությունը, որը մի քանի տարի է սպասում է այս զեկույցի հրապարակմանը, դրան չի ծանոթանա. զեկույցը ո՛չ լիագումար նիստում է քննարկվելու, ո՛չ լսումների ձևաչափով։ Ալեն Սիմոնյանի խոսնակը ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր, որ «այս որոշման հիմքում այն հանգամանքն է, որ ժամկետներ են խախտվել, ուստի այժմ այն պատգամավորները, որոնք գաղտնիության հասանելիություն ունեն, կկարողանան արխիվում ծանոթանալ այդ զեկույցին, եթե նման ցանկություն ունեն»:
Այս կապակցությամբ MediaHub-ը կապ հաստատեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանի հետ:
«Գործել է կանոնակարգը. ժամկետների խախտումով գործած հանձնաժողովը, բնականաբար, ժամկետների խախտումով չէր կարող լիագումար նիստ մտնել: Հարցն այն է, որ եթե ԱԺ ղեկավարությունն այդքան բծախնդիր է օրակարգ մտցնելու ժամկետների առումով, նույն բծախնդրությունն է նաև պահանջում ընդհանրապես հանձնաժողովի գործունեությունը, որը բոլոր ժամկետների խախտումով շարունակում է գործել»,- ասաց Գեղամ Մանուկյանը:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ քաղաքական նպատակներով, քաղաքական շահարկումների համար, այս իշխանություններին և Նիկոլ Փաշինյանին մաքրազատելու, 44-օրյա պատերազմի ողբերգական ելքի ամբողջ քաղաքական պատասխանատվությունից ձերբազատելու համար էր իշխանությունը նախաձեռնել քննիչ հանձնաժողով կոչվածը, և հասկանալի էր, որ չէր կարող լինել օբյեկտիվ եզրակացություն:
«Այս իշխանությունը չի կարող օբյեկտիվ քննություն իրականացնել իր իսկ ղեկավարման տարիներին նման լայնածավալ պատերազմական գործողությունների, ամբողջ երկիրը պատերազմական ռելսերի վրա տեղավորելու և մնացած հարցերում: Դա հնարավոր է միայն իրոք անկախ, օբյեկտիվ քննության միջոցով: Այս իշխանությունը որքան էլ ջանաց, չկարողացավ հասնել լիարժեք իր ցանկությանը՝ 44-օրյա պատերազմի պատասխանատվության համար մեղավորներ կարգելու: Վստահ եմ, որ տարիներ անց օբյեկտիվ քննություն է լինելու, իրոք անկախ հանձնաժողով, և հայ ժողովուրդը, ցավոք, տարիներ հետո, բայց այնուամենայնիվ ամբողջական պատկերն ունենալու է այն ողբերգության, որը հանգեցրեց 2023 թ. Արցախի հայաթափմանը»,- հավելեց Գեղամ Մանուկյանը: