Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Սևանցի» շները մարդ են հոշոտում. ով և երբ է լուծելու խնդիրը

Blog Image

Մինչ գլխավոր դատախազության մոտ կենդանասերները բողոքի ակցիա են իրականացնում կենդանիների սպանդի դեմ, մենք մարզերից տարբեր ահազանգեր ենք ստանում, որ գազազած շները մարդկանց վրա են հարձակվում ու ամեն անգամ ինչ-որ հրաշքով բաց թողնում իրենց զոհին։

Մի քանի օր է՝ MediaHub-ն ահազանգեր է ստանում, որ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում թափառող շների թվաքանակը կտրուկ ավելացել է, որոշ հասցեներում մարդիկ վախենում են միայնակ տնից դուրս գալ, քանի որ շատ հավանական է, որ «շան բաժին կդառնան»։

«Գարնանը մեր բակում մոտ 10-15 շներ էին հայտնվել, հետո ամռան ընթացքում, երբ լողափի սեզոնը բացվեց, գնացին. դե հանգստացողները ոսկոր, միս ու ուտելիքի մնացորդ են տալիս, շներն էլ կուշտ ապրում են։ Բայց ինչ սեզոնը փակվել է, կրկին էդ շները քաղաք են լցվել։ Կոնկրետ մեր փողոցում (Նալբանդյան, խմբ.) էս պահին 5-6 շուն կա, մեկն էլ շուտով ձագեր կունենա։ Ուրբաթ օրը էդ շներից մեկը մի երեխայի վրա հարձակվեց, էդ երեխան պուլպուլակից ջուր էր խմում, հետևից եկավ, թռավ երեխայի մեջքին։ Լավ ա՝ դրսում մարդ կար, քար նետեց, շունը փախավ։ Նույն օրը հենց էդ նույն շունը տարբեր ժամերի երեք կանանց վրա է հարձակվել։ Չգիտենք՝ ինչ անենք։ Քաղաքապետարան զանգել ենք, ասում են, որ խնդրին ծանոթ են, կլուծվի, բայց թե երբ ու ոնց, որևէ պարզաբանում չկա։ Երևի սպասում են, որ 1-2 հոգու վնասեն, նոր սկսեն տեղից շարժվել»,- մեզ հետ զրույցում ասաց Նալբանդյան 65 հասցեի բնակիչներից մեկը։

Նրա խոսքով՝ ցերեկը շան հարձակման վախով են ապրում, գիշերն էլ՝ ոռնոցի ձայները հաղթահարելու հույսով։

«Էս նոր խնդիր չի։ Ամեն տարի էլ շները լցվում են, բայց հիմա թիվը մի քանի անգամով ավելացել է։ Նույն քաղաքապետարանի մոտ էլ խմբով շրջում են, Աստված չանի՝ մենակ մարդու բռնեն, միանգամից երախները բացած, հաչալով մոտենում են։ Եթե չկծեն էլ, էդ վախի հետևանքով արդեն մի քանի հիվանդություն ձեռք կբերենք»,- պատմեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվար ամսին ևս մենք անդրադարձել էինք խնդրին։ Այդ ժամանակ Սևանի համայնքապետարանից մեզ հետ զրույցում ասել էին, որ անհանգստացած են այս հարցով․ իններորդ մրցույթն են անցկացնում, որ որևէ կազմակերպություն հաղթող ճանաչվի ու սկսի շների ստերջացումը։ Բայց չկա կազմակերպություն, որ չափորոշիչներին համապատասխանի ու մասնակցի այդ մրցույթին։ Երեք տարի է մրցույթ է հայտարարվում, որ խնդրին լուծում տրվի։ 

Այսօր համայնքապետարանից մեզ հետ զրույցում ասացին, որ արդեն ունեն մրցույթ հաղթած ընկերություն, փուլային տարբերակով ստերջացման աշխատանքներն իրականացվում են։

«Այս տարի առաջին փուլով գարնանն արվել են ստերջացման աշխատանքներ։ Հիմա էլ երկրորդ փուլն է ընթանում։ Կոնկրետ ժամկետով կամ թաղամասով չի իրականացվում աշխատանքը, մեր մասնագետներն անընդհատ կապի մեջ են ստերջացման աշխատանքներ իրականացնող ընկերության հետ։ Ընդհանուր 130 շուն պետք է ստերջացվի, որից 80-ն արդեն ստերջացված է։ Իսկ մնացած 50 շներն էլ մինչև այս ամսվա վերջ պետք է ստերջացվեն»,- մեզ հետ զրույցում ասաց Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը։

Նարե Գնունի

Send