Արդեն հայտնել ենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Առաջին բաժին է ուղարկել ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի զեկույցը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ։
Նշենք, որ ըստ էության, Քոչարյանն ուշացրել էր զեկույցը, ինչի պատճառով էլ այն լիագումար նիստերի օրակարգ չի գնալու, և եթե գտնվեն պատգամավորներ, որոնք ունեն գաղտնիության թույլտվություն և որոնց կհետաքրքրի այս հանձնաժողովի տված եզրակացությունը, ապա կարող են գնալ Առաջին բաժին և ծանոթանալ դրան։
Նկատենք, որ Անդրանիկ Քոչարյանը վերջին քառօրյայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ զեկույցը լիագումար նիստերի օրակարգ պիտի բերվի։ Ինչու չբերվեց հարցն օրակարգ, արդյոք ՔՊ-ում ներքին հաշիվներ կան, որոնք նաև այս ձևով են մաքրվում, պարզ չէ։ Այս պարագայում, կարծես թե, ամեն ինչ օրենքի շրջանակում է, բայց մի անգամ չէ, որ օրենքը շրջանցվել է հանուն ինչ-որ շահերի։
Ինչևէ, MediaHub-ը փորձեց Անդրանիկ Քոչարյանի տեսակետը լսել։ Սակայն, ինչպես միշտ, այս անգամ էլ պատգամավորն աչքի ընկավ իր լրագրողատյաց վերաբերմունքով։
Պարզվում է, որ պատգամավորին զանգելուց առաջ նախ մենք պետք է թույլտվություն ստանայինք նրա հեռախոսահամարն ունենալու։ Թե ինչ ընթացակարգով, երևի միայն իրեն է հայտնի։
«Ես Ձեզ թույլ տվե՞լ եմ իմ հեռախոսահամարն ունենալ»,- եղավ Քոչարյանի առաջին արձագանքը։
Երբ բացատրեցինք, որ իր հեռախոսահամարն ունենալու համար պետք չէ ինչ-որ թույլտվություն ունենալ, և այլ հարց է՝ ինքը կցանկանա պատասխանել մեր հարցերին, թե ոչ, Անդրանիկ Քոչարյանը առողջություն մաղթեց ու լռեց։
Հեռախոսազանգի ընթացքում մենք էլ նրան մաղթեցինք ավելի հանդուրժող ու վերջապես լրագրողների հետ խոսելու ձև ունեցող պատգամավոր դառնալ։ Կդառնա՞, դժվար թե, բայց դե այս առումով հույսը թող վերջինը մեռնի։ Իսկ մենք մեզ իրավունք ենք վերապահում ենթադրելու, որ Քոչարյանի այս ջղաձիգ պահվածքը պայմանավորված է նրանով, որ Ալեն Սիմոնյանը նրան «կրեց». ուժը Սիմոնյանի վրա չի պատում, լրագրողներին է կոպտում:
Նարե Գնունի