Mediahub-ը գրել էր, որ հերթական անօրինություն է կատարվում Գորիսում։
Մեր տեղեկություններով՝ Գորիսի երկու քոլեջները, որոնցից մեկում լարված իրավիճակը, կարծես թե, մի փոքր հանդարտվել է, պետք է միավորվեն։
Սակայն մեր զրուցակցի խոսքով՝ այստեղ խնդիրը այն է, որ դեռ չկառուցված քոլեջում արդեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ-ն Բազմագործառույթային քոլեջի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել, բայց նման քոլեջ դեռևս գոյություն չունի։
Մենք դիմել էինք ԿԳՄՍ-ին պարզաբանում ստանալու նպատակով, սակայն մեզ հորդորել էին գրավոր հարցում ուղարկել։
Մեր հարցմանն ի պատասախան ԿԳՄՍ-ն գրել էր, որ «Գորիսի պետական քոլեջ» և «Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմավորվել են՝ ստեղծելով «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ քոլեջ):
«ԿԳՄՍ նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 3-ի N 175-Ա/1 հրամանով Արմինե Շահումի Կոլյանը նշանակվել է քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Քոլեջը ժամանակավորապես գործունեություն է իրականացնելու ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի Կոմերիտմիության 2/3 հասցեում և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Կապանի խճուղի 34 հասցեում գտնվող՝ Գորիսի N 2 հիմնական դպրոցի 2-րդ ուսումնական մասնաշենքում՝ մինչև քոլեջին ամրացված Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Առաքելյան 32 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքերի վերակառուցման և վերանորոգման աշխատանքների ավարտը»,-գրված էր փաստաթղթում։
Էմմա Մարտիրոսյան
