Վերջին օրերին մի շարք քաղաքացիներ ահազանգում են MediaHub-ին, որ երեկոյան ժամերին հանրային տրանսպորտից օգտվելն ուղղակի պատուհաս է դարձել իրենց համար. մարդիկ դռների արանքում են մնում, անգամ մեկ ոտքով կանգնելու հնարավորություն չունեն թե՛ մետրոյում, թե՛ ավտոբուսներում։
Քաղաքային իշխանությունը նշում է, որ տրանսպորտը բարեփոխված է, շատ անգամ հիշեցնում են՝ տարիներ առաջ ինչպես էին քաղաքացիները «Գազել» նստում, մեկը մյուսի «գիրկն էին հայտնվում», ասեղ գցելու տեղ չէր լինում։
Ինչո՞վ է հիմա տարբերվում հանրայի տրանսպորտը, մի՞թե մեր օրերին տրանսպորտը բարելավված է․ սակայն, MediaHub-ին ահազանգած քաղաքացիները նշում են, որ ավտոբուսներում ասեղ գցելու տեղ չկա, մետրոյում էլ՝ նույնը։
«Մի քանի օր առաջ բողոքեցինք, որ Բժշկական համալսարանի մոտ Մասիվ բարձրացող կանգառներում «պիկ» է, մարդիկ դռների արանքում են մնում, ավտոբուսներում էլ ասեղ գցելու տեղ չկա։ Նույնը մետրոյում է, մարդիկ սպասում են գնացքի, գնացքները գալիս են, բայց տեղ չկա, իրար բրդելով անցնում դուրս են գալիս, ոչ մեկ չի նստում գնացք, քանի որ անգամ ներս մտնելու հնարավորություն չկա, այդպես էլ սպասում են մյուս գնացքին՝ հույս ունենալով, որ հաջորդում գոնե կլինի ներս մտնել»,- ահազանգեց մեզ դիմած քաղաքացին։
MediaHub-դիմեց Մետրոպոլիտեն, հասկանալու՝ ինչպե՞ս է աշխատում Մետրոպոլիտենը, որ «պիկ» ժամերին ասեղ գցելու տեղ չկա, իսկ մարդիկ դռների արանքում են մնում, ինչո՞ւ վագոններն երկու հատ են, այլ ոչ թե երեք «պիկ» ժամերին։
«Պաշտոնական կայքում ժամային ցուցակը դրված է, ինչ պարբերականությամբ են գալիս գնացքները, իսկ ինչ վերաբերվում երկու կամ երեք վագոնին, ապա օրվա ընթացքում լինում են և՛ երեք, և՛ երկու վագոնանոց գնացքներ, օրվա ընթացքում պտտվում են, շաբաթվա կտրվածքով տալիս ենք ամեն երկուշաբթի, թե շաբաթվա ընթացքում քանի՞ անգամ են պտույտ կատարել ու դուրս եկել գիծ երեք վագոնանի կամ երկու վագոնանի գնացքները։ Մետրոպոլիտենը աշխատում է իր հնարավորության սահմաններում ապահովել, այդ ժամերին գնացքների պարբերականությունը ավելի քիչ է լինում, արագ-արագ են գալիս»,- նշեց Երևանի Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Աննա Ասլանյանը։
Մարիաննա Արամյան
