Երեկ MediaHub-ը գրել էր, որ ըստ մի խումբ ծնողների՝ Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի ուսուցչական անձնակազմին Երևանի քաղաքապետարանը կրկին հանգիստ չի թողնում։ Մասնավորապես՝ դպրոցի տնօրենի ԺՊ Զառա Բարսեղյանը հեռացվել է պաշտոնից, և իր տեղը բերել են ոմն Կարինե Մխիթարյանին։
Պուշկինի անվան դպրոցի՝ այդ որոշմանն ընդդիմացող ուսուցչական անձնակազմը և աշակերտների ծնողները երեկ բողոքի ակցիա իրականացրեցին Երևանի քաղաքապետրանի դիմաց, ապա հանդիպում ունեցան քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանի հետ։
MediaHub-ը կապ հաստատեց վերջինիս հետ՝ ճշտելու, թե ի՞նչ են քննարկել Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի ուսուցչական անձնակազմի և ծնողների հետ, արդյո՞ք ԺՊ Զառա Բարսեղյանը հեռացվել է պաշտոնից, և իր տեղը նշանակվել է Կարինե Մխիթարյանը։ «Ձեր տեղեկությունները մասամբ էին ճիշտ. Զառա Բարսեղյանը չի հեռացվել զբաղեցրած պաշտոնից, Զառա Բարսեղյանը հանդիսանում է Պուշկինի անվան դպրոցի տնօրենի տեղակալ, ով տնօրենի թափուր տեղ առաջանալու օրվանից մինչև հուլիսի 25-ը տնօրենի պարտականություններն էր կատարում, իսկ հուլիսի 28-ից նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար Մխիթարյան Կարինեն»,– նշեց Խաչատրյանը։
–Իսկ ինչի՞ մասին եք զրուցել բողոքի ակցիա իրականացնող ծնողների և ուսուցիչների հետ։
–Երեկ ծնողների և ուսուցչական անձնակազմից որոշ ներկայացուցիչների հետ զրուցել ենք, իրենց հետաքրքրում էր պատճառները, նրանք մտահոգություն էին հայտնում նոր ուսումնական տարուն ընդառաջ ցնցումներից, փոփոխություններից: Վստահություն եմ հայտնել, որ որևէ ցնցում չի լինելու, որևէ վատթարացում չի լինելու, ավելին՝ ժամանակաշրջանը հիմա է դրված, որ սեպտեմբերին ընդառաջ սահուն և նորմալ պայմաններում ուսումնական տարին սկսվի։
–Իսկ ամռան այս շրջանում որքանո՞վ էր անհրաժեշտ փոխել տնօրենի ԺՊ–ին, կարծես, Զառա Բարսեղյանը ժամանակավոր պաշտոնակատար էր։
–Ո՛չ, Զառա Բարսեղյանը տնօրենի տեղակալն էր և կատարում էր պարտականությունները, դրանք տարբեր հասկացություններ են։
–Տնօրենի պաշտոնի համար դեռ պետք է լինի մրցույթ, և Նատալիա Ստեփանյանը, նախկին տնօրենը, նույնպես կարող է մասնակցել, ե՞րբ կկայանա այդ մրցույթը։
–Ես չեմ կարող ասել՝ ե՞րբ հաջորդ մրցույթը կլինի, բողոքարկվել են մրցույթի արդյունքները, ժամանակավորապես կասեցված է մրցույթի կազմակերպման գործընթացը։
–Իսկ Կարինե Մխիթարյանը, ով նշանակվեց ԺՊ, նա դպրոցի անձնակազմից չէ՞, ինչպես հասկանում եմ։
–Ո՛չ, Կարինե Մխիթարյանը Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի անձնակազմից չէ, նա մի այլ դպրոցի տնօրեն էր, ով ունի հաջողված փորձառություն, դա հաշվի առնելով՝ առաջարկ ենք արել, նա համաձայնել է։
–Այսինքն՝ ծնողների և ուսուցիչների հետ զրույցից հետո ոչինչ չի փոխվե՞լ։
–Ո՛չ, արդեն կա Երևանի քաղաքապետի որոշումը, ոչինչ չի փոխվել։
MediaHub-ի տեղեկություններով՝ Կարինե Մխիթարյանը, ով նշանակվել է Պուշկինի անվան դպրոցի տնօրենի ԺՊ, Երևանի Ալ․ Բլոկի անվան հ․ 122 հիմնական դպրոցի տնօրենն էր, սակայն, Տիգրան Ավինյանի հուլիսի 24-ի որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ազատման պատճառը Կարինե Մխիթարյանի հուլիսի 23-ի ներկայացրած դիմումն է։
Մեր տեղեկություններով՝ Կարինե Մխիթարյանը թողել է իր պաշտոնը, որի ժամկետը կլրանար 2027 թվականի ապրիլի 19-ին, քանի որ հույս ունի նշանակվել Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրեն։
Մարիաննա Արամյան