Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ո՞վ է պատասխանատու ArCa-ի խափանումների համար. ԿԲ-ն ոչինչ չունի՞ անելու

Blog Image

Հայկական ArCa ազգային վճարահաշվարկային համակարգը նորից խափանվել է։ Սա արդեն մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ դեպքն է, սրանից առաջ նաև հուլիսի 23-ին ArCa-ից տեղեկացրին, որ տեխնիկական խնդիրների պատճառով խաթարվել է ArCa վճարային համակարգի բնականոն աշխատանքը։ Մի քանի ժամ անց, իհարկե, համակարգի աշխատանքը վերականգնվեց։ Այսօր նորից նույն հաղորդագրությունը տարածվեց, որ համակարգը չի գործում։

«Հարգելի օգտատերեր, համակարգի տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների արդյունքում ժամը 11:46-ից սկսած՝ ArCa համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։ Մեր մասնագետները ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի համակարգը վերականգնվի հնարավորինս շուտ»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Համակարգի խափանումից հետո իսկական կոլապս առաջացավ բանկերում, խանութներում, սպասարկման կետերում և բանկոմատների մոտ։ Հազարավոր գործարքներ չեղարկվեցին, մարդիկ չեն կարողանում փոխանցումներ կատարել, վճարումներ անել, ու այս ամենը՝ArCa-ի խափանումների պատճառով։ Իսկ ո՞վ է պատասխանատվություն կրելու քաղաքացիներին պատճառված անհարմարությունների համար։

ArCa-ն՝ որպես վճարահաշվարկային համակարգ, լիցենզիան ստացել է Կենտրոնական բանկից և գտնվում է Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո։

MediaHub-ին ԿԲ-ից ասացին, որ տեխնիկական խնդիր է առաջացել, ինչի համար հարկավոր է դիմել հենց ArCa-ին, որի հեռախոսահամարը, սակայն, հասանելի չէ՝ ինքնապատասխանիչը ընդամենը հայտնում է, որ այս պահին համակարգում առկա են որոշակի խնդիրներ և վերջ։

Ինչ վերաբերում է համակարգը չգործելու հետևանքով քաղաքացիների կրած հավանական ֆինանսական կորուստներին, օրինակ՝ վարկային պարտավորությունները ժամանակին չեն կարողանում մարել, ինչն առաջացնում է տույժ-տուգանքներ, ապա ԿԲ-ից այս մասով պատասխանեցին․

«Համակարգում առկա խնդիրների պատճառով քաղաքացիների կողմից վարկային պարտավորությունների մարման անհնարինության դեպքերի առկայության դեպքում քաղաքացիները կարող են դրանք քննել իրենց սպասարկող բանկերի և վարկային կազմակերպությունների հետ: Ֆինանսական համակարգը սպասարկող այլ ենթակառուցվածքները աշխատում են բնականոն հունով, միջբանկային ծառայությունների մատուցման ընդհատումներ չեն արձանագրվել»։

Կարճ ասած՝ ԿԲ-ն հորդորում է դիմել բանկերին, եթե իրենց հետ կապված խնդիր կառաջանա, իսկ ինքը՝ որպես վերահսկող մարմին, այս պահին անելիք չունի կամ գոնե չի ասում, թե պատրաստվում է որևէ բան անել։ ԿԲ-ում, հավանաբար, նորմալ են համարում, որ իրենց կողմից լիցենզավորված ընկերությունը, որի անխափան աշխատանքից հազարավոր քաղաքացիների ֆինանսական գործարքներ են կախված, շաբաթը երկու անգամ հայտարարում է խափանումների մասին ու մարդկանց կանգնեցնում փաստի առաջ։ ԿԲ-ն, ինչպես շատ այլ հարցերում, այս հարցում ևս պասիվ դիտորդի դերում է։ Իսկ այն, որ Տեղեկատվական տեխնոլոգիաները գերակա ճյուղ հայտարարած ու դրա վրա միլիոնավոր դոլարներ ծախսող երկրում գլխավոր վճարահաշվարկային համակարգը շաբաթը մեկ խափանվում է, դա էլ արդեն լրիվ այլ՝ աբսուրդի ժանրից է, բայց, ցավոք, իրականություն։

Վահե Մակարյան

Send