Չնայած միջազգային փորձին, որի համաձայն՝ ծննդաբերության ժամանակ կնոջ կողքին հարազատի ներկայությունը ոչ միայն թույլատրելի է, այլև խրախուսելի՝ որպես հոգեբանական աջակցություն, Հայաստանում այս պրակտիկան նոր է տարածվում:
Ինչպես պարզեցինք՝ որոշ բուժհաստատություններում դա վճարովի ծառայություն է համարվում, թեև Հայաստանում ծննդօգնությունը համարվում է անվճար: Իսկ թե ինչո՞ւ «համարվում է», այլ պատմություն է, որին կանդրադառնանք հաջորդիվ:
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ հարազատի մասնակցությունը ծննդաբերությանը անվճար է։
«Ունենք հրաման, որով թույլատրվում է մեկ հոգու` որպես աջակից անձ, ծննդաբերողի համաձայնությամբ և ցանկությամբ ներկա գտնվել ծննդաբերությանը` որպես հոգեբանական աջակցություն և սանիտարահիգիենիկ պայմանների խիստ պահպանմամբ: Դա որևէ գումարի հետ կապ չունի»,- նշեց նախարարության ներկայացուցիչը:
Մինչդեռ MediaHub-ը պարզեց, որ մի շարք բժշկական կենտրոններ՝ այդ թվում «Բեգլարյան» և «Սլավ Մեդ» հիվանդանոցները, թույլատրում են ամուսնուն կամ մեկ այլ հարազատի ներկայությունը ծննդաբերության սրահում միայն լրացուցիչ վճարի դիմաց:
Այդպես, «Բեգլարյան» ԲԿ-ում ծննդկանին ուղեկցելու համար պահանջվում է վճարել 20,000 դրամ, իսկ «Սլավ Մեդ»-ում այդ ծառայությունն արժե 50,000 դրամ։
Երբ այս հանգամանքը ներկայացրեցինք ԱՆ խոսնակին, Մարիամ Ծատրյանը նշեց. «Մտահոգիչ է ձեր բարձրացրած հարցը, եթե փաստ ունեք, կխնդրեմ տրամադրեք կամ հրապարակեք, հետամուտ կլինենք»:
Ինչն էլ սիրով անում ենք:
Էմմա Մարտիրոսյան