Քաղաքապետարանը կրկին հանգիստ չի թողնում Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի ուսուցչական անձնակազմին։
Դեռ մայիսին Պուշկինի անվան դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը ազատվեց աշխատանքից, ով, ըստ քաղաքապետարանի, չէր հանձնել քննությունը, թեև ուսուցչական անձնակազմը, աշակերտներն ու ծնողները բողոքի ակցիաներ էին անում, հետո կրքերը ավելի թեժացան, երբ լուրեր տարածվեցին, որ դպրոցի տնօրեն են պատրաստվում նշանակել Վանաձորից: Եվ ահա, թեև ամառային արձակուրդների շրջան է, բայց Պուշկինի անվան դպրոցում նորից արշալույսները խաղաղ չեն:
Քիչ առաջ MediaHub-ին ահազանգեցին մի խումբ ծնողներ, որ այժմ էլ ցանկանում են դպրոցի տնօրենի ԺՊ–ին՝ Զարա Բարսեղյանին հեռացնել պաշտոնից, և իր տեղը բերել ոմն Կարինե Մխիթարյանին։
Հիշեցնենք, ԿԳՄՍ նախարարությունից MediaHub-ին հայտնել էին, որ Երևանի Ա․ Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի նախկին տնօրենի պաշտոնավորման ժամկետը լրացել է դեռևս 2024 թվականի մարտի 29-ից: Երևանի Ա․ Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնում նոր նշանակում չի կատարվել. տնօրենի պարտականությունների կատարումն իրականացվում է՝ ըստ սահմանված կարգի։ Սակայն, ամռան այս օրերին, երբ աշակերտներն իրենց արձակուրդն են վայելում, ԿԳՄՍՆ-ն ու Երևանի քաղաքապետարանը, փաստորեն, փորձում են թաքուն նոր տնօրեն նշանակել։
Նշենք, որ այս պահին Երևանի քաղաքապետարանի մոտ այս որոշմանն ընդդիմացող Պուշկինի դպրոցի անձնակազմը բողոքի ակցիա է իրականացնում: MediaHub-ը ուղիղ միացումով հետևում է դեպքերի զարգացումներին:
Մարիաննա Արամյան