Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Մեքենայի գազաբալոնի ստուգման տեսանկարահանումը պարտադիր կլինի, ոչ մի կարգազանց վարորդ չի «պլստա»

Blog Image

Վերջին շրջանում ոչ միայն ՃՏՊ-ներին զուգահեռ, իհարկե, ավելի փոքր քանակով, բայց վարորդների կյանքի համար լուրջ սպառնալիք են դարձել նաև մեքենաներում տեղադրված գազաբալոնները, որոնք մեթան (օդ) գազի դեպքում դառնում են պայթյունի, իսկ պրոպան (հեղուկ) գազի դեպքում մեքենայում հրդեհի պատճառ։ Մի քանի օր առաջ համացանցում տեսանյութ հայտնվեց, որում երևում էր՝ ինչպես է լիցքավորումից հետո հեղուկ գազով մեքենայում հրդեհ բռնկվում, և ինչպես են վարորդն ու կողքի ուղևորը մի կերպ դուրս գալիս վառվող մեքենայի լուսամուտներից։

Ինչո՞ւ է դեռ նման խնդիր առաջանում, եթե 2022 թվականի օգոստոսի մեկից օրենքով սահմանվել է՝  մեթան և պրոպան, կամ վարորդների ձևակերպմամբ՝ օդ և հեղուկ գազով լիցքավորման իրավունք ունեն միայն այն մեքենաները, որոնց բալոնները պատշաճ փորձաքննություն են անցել։ Այսինքն՝ գազով աշխատող ցանկացած մեքենայի բալոն փորձաքննություն է անցնում այն կազմակերպություններում, որոնք ստացել են ՀՀ տարածքային կառավարման նախարարության լիցենզավորումը։ Այսինքն՝ միայն համապատասխան վկայականի առկայությամբ է թույլատրվում շահագործել մարդատար, բեռնատար և ուղևորատար փոխադրամիջոցները։

Պատճառները շատ են՝ վարորդի՝ սեփական մեքենայի նկատմամբ անուշադիր վերաբերմունքից մինչև լիցենզավորված կայանների և լցակայանների աշխատակիցների անփութություն։ 

«Ցավոք, մենք մեր ու դիմացինի կյանքի մասին չենք մտածում։ Հա, խնդիրը հենց մեզնից՝ վարորդներիցս է գալիս։ Մեքենան տանում ենք տեխզննման, բայց ամեն ինչ անում ենք, որ ուղղակի էդ անտեր թուղթը տան, վճարումն անենք ու գնանք։ Հնարավոր է՝ մեքենան տարբեր խնդիրներ ունի, բայց չէ, մենք շատ ենք շտապում, կարևորը թուղթն ունենանք ու չտուգանվենք, հետո ինչ, որ էդ մեքենան հաջորդ վայրկյանին կարող է հենց մեր կյանքն արժենալ։ Նույնը գազաբալոնների դեպքում է։ Մեկ տարի առաջ մեքենայիս գազաբալոնը տարա փորձաճնշարկման կայան, հեղուկ գազով մեքենա է, վճարումն արեցի, ու սպասում եմ, որ ասեն՝ ինչքան կտևի զննությունը։ Բայց հարցս չէի ավարտել, առանց բալոնը նայելու, ասացին, որ ամեն ինչ նորմալ է, հիմա տվյալները համակարգ մուտք կանենք, ու ազատ եք։ Զարմացած հարցրի, թե արդյո՞ք բալոնը չեն հանելու, տանեն, ստուգեն, արձագանքեցին՝ չէ, ամեն ինչ նորմալ է։ Միայն ձայնս բարձրացնելուց հետո պատշաճ ստուգեցին բալոնն ու ինձ ճանապարհեցին։ Բայց ես վստահ եմ, որ շատ-շատերին էս ամենը ձեռնտու է։ Ու էս համատարած բարդակում ուզում եք, որ պայթյուններ չլինե՞ն»,- MediaHub-ի հետ զրույցում նեղսրտած պատմեց վարորդներից մեկը, որը խնդրեց իրեն անանուն ներկայացնել։

Նշենք, որ փորձաճնշարկման մոտավոր արժեքը 8-12 հազար է։ Քաղաքացին 2-3 տարին մեկ պետք է այդքան գումար հատկացնի ստուգմանը, որպեսզի կարողանա հանգիստ լիցքավորել մեքենան։ Նժարի, մի կողմում, լրացուցիչ ֆինանսական ծախսերն են, մյուսում՝ անվտանգությունը։ Հաշվի առնելով, որ Հայաստանում, ըստ  որոշ տվյալների, շուրջ 300 հազար մեքենա աշխատում է գազով, ու դրանց բալոնները տեղադրվել են խիստ չկանոնակարգված, այս եղանակով Կառավարությունը փորձում է խնդրին լուծում տալ։

Իսկ ինչո՞ւ չի լուծվում այդ խնդիրը. ՏԿԵՆ-ից արձագանքում են՝ ամեն ինչ արվում է, որպեսզի պատշաճ վերահսկողություն իրականացվի։ Հավաստիացնում են՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը մշտական վերահսկողություն է իրականացնում թե՛ լցակայաններում, թե՛ փորձաճնշարկման կայաններում։

«Տեսչական մարմինների կողմից պարբերաբար վերահսկողական գործառույթներ են իրականացվում այս ոլորտի հետ կապված։ Բազմաթիվ դեպքեր արդեն իսկ ունենք արձանագրված։ Հիմա խնդրին լուծում տալու նպատակով ՏԿԵՆ-ի հետ նախագիծ ենք մշակել, ըստ որի՝ պարտադիր պայման կլինի, որ ճնշափորձարկման կայանները պահպանեն ճնշափորձարկման գործընթացի բոլոր տեսաձայնագրությունները։ Հիմա տեսախցիկներ բոլոր կայաններում կան, բայց պարտադիր չէ տեսաձայնագրությունների պահպանումը, իսկ նախագծի ընդունումից հետո դա էլ պարտադիր պայման կլինի»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց ՔՏՀԱՏՄ տրանսպորտի անվտանգության վարչության պետի ԺՊ Արամ Աղայանը։

Նրա խոսքով՝ օրենքի նախագծի ընդունումից հետո տեսանյութերի ստուգումներով էլ հնարավոր կլինի բացահայտել նման դեպքերն ու պատժել խախտում թույլ տվողներին։

«Նախորդ տարի փորձաճնշարկման հինգ կայաններում խախտման նման դեպքեր հայտնաբերել ենք։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ ենք կազմել և տուգանվել են այդ կայանները»,- նշեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է տեխզննման կայաններին, ապա դրանց դեպքում պարտադիր տեսանկարահանումն ու դրանից հետո ձայնագրությունները պահպանելը պարտադիր են, ուստի վերահսկողություն իրականացնելն ավելի հեշտ է։

«Բայց հիմա էլ՝ ներկա դրությամբ տեխզննման կայաններում ստուգումներ ենք իրականացնում, եթե արձանագրենք, որ ոչ պատշաճ տեխնիկական զննություն է իրականացվել որևէ կայանում, ապա կդիմենք ՏԿԵՆ, որպեսզի լիցենզիայից զրկվի այդ կայանը։ Երեկ էլ մի տեխզննման կայան լիցենզիայից զրկվել է»,- նկատեց նա։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ կայանները տեխնիկապես հագեցած չեն, և այդ պատճառով են նման խախտումներ լինում, Արամ Աղայանն արձագանքեց՝ չկա որևէ կայան, որ տեխնիկապես թերի հագեցած լինի։

«Տնտեսվարողներն ավելի լավ կպատասխանեն, թե ինչու պատշաճ զննություն չեն իրականացնում։ Մի բան է հստակ՝ յուրաքանչյուր բացահայտված դեպք արձանագրվում է, տնտեսվարողն էլ անպատիժ չի մնում»,- ամփոփեց խոսքը Արամ Աղայանը։

Նարե Գնունի

Send