Չնայած նրան, որ վերջին 7 տարիներին Փաշինյանի գլխավորած կաբինետն ու, մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարությունը փորձում են մարդկանց համոզել, որ բժշկության որակը երկրում բարելավվել է, վճարումների քանակը նվազել, շատ է պետպատվերը և այլն, միևնույն է ՀՀ-ում ամենից թանկ ծառայությունները կապված են առողջապահական համակարգի հետ, որտեղ շարունակում են ցանկացած ծառայության համար գումար կորզել քաղաքացիներից: Ու անգամ այն դեպքում, երբ ծառայությունն «անվճար է»։
Օրինակ, նույն ԱՆ-ն պարբերաբար հիշեցնում է, թե ՀՀ-ում ծննդօգնությունն իրականացվում է պետական պատվերով` անվճար: Այնինչ, սա այն դեպքն է, որ ինչպես և շատ այլ օրենքներ, սա նույնպես խախտվում է:
MediaHub-ին ահազանգած քաղաքացին պատմում է, որ ԲԿ-ներից մեկում՝ հարազատի ծննդաբերությունից հետո (իրականում, կոնկրետ հիվանդանոցի անունը նշելու կարիք չկա, քանի որ այս պրակտիկան համատարած է), բժիշկը շատ համառորեն ցանկացել է տեսնել նորածնի հորը՝ իբր երեխայի միասին տեղեկություն հայտնելու համար, սակայն իրականում, չգրված օրենքների համաձայն, երեխայի հայրը «մաղարիչ» է բժշկին տվել՝ 30 հազար դրամ: Այս գումարը, սակայն, այդքան էլ բժշկի սրտով չի եղել ու վերջինս չի հապաղել այդ մասին բարձրաձայնել, թե՝ «մի քիչ էլ կարա՞ս ավելացնես»: Բայց քանի որ հայրիկի մոտ դրանից ավելի գումար չի եղել, և նա մերժել է բժշկին, դրանից հետո էլ առերեսվել է նրա անտարբեր վերաբերմունքին։
Այսինքն, բոլոր այն քաղաքացիները, ովքեր չեն կարողանում վճարել «անվճար բուժծառայություն» մատուցող բժշկից պահանջվող գումարը, որը, հիշեցնենք, պարտավոր էլ չեն վճարել, հանդիպում են բժիշկների անտարբեր վերաբերմունքին։
Եվ սա միակ դեպքը չէ: Օրինակ, մեկ այլ քաղաքացի հիշեց, որ երբ կինը ծննդաբերում էր կեսարյան հատումով, որը նույնպես պետպատվերով է եղել, բժիշկը ամուսնուն զգուշացրել է, որ վիրահատությունից հետո մաղարիչը ֆիքսված «ստավկա» ունի՝ 100 000 դրամ: Իսկ եթե ծննդատունը մասնավոր է և դարձյալ պետպատվերով, ապա այս գումարը էլ ավելի բարձր է:
Mediahub-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանն ասաց, որ ծննդօգնության ոլորտում վճարովի են, օրինակ, պալատի ընտրությունը (այն դեպքում, երբ պացիենտն ընտրում է առանձին պալատը), բժշկի ընտրությունը, մնացած դեպքերում ծառայությունը պետպատվերով է, և եթե նախադեպեր կան, ապա հարցը պիտի լուծվի իրավական դաշտում։ Այսինքն՝ քաղաքացին կարող է բողոք ներկայացնել և հարցը լուծել իրավական դաշտում։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ ոնց «անվճարը» անվճար չի Հայաստանում, այդպես էլ մեծամասամբ շարունակվելու է...
Էմմա Մարտիրոսյան