Օրեր առաջ MediaHub-ը գրել էր, որ դպրոցներում դասապրոցեսը թեև դեռ նոր է մեկնարկել, արդեն իսկ մի շարք խնդիրներ են ի հայտ եկել, մասնավորապես՝ գրքերի ու տետրերի մասով։ Մեզ դիմած ծնողները պատմում էին, որ դպրոցներում երեխաններից պահանջում են տետրեր, որոնք կա՛մ չեն տպագրվում, կա՛մ այնքան արագ են սպառվում փոքր թվաքանակի պատճառով, որ անհնար է դրանք գտնել խանութներում: Խնդիրը կոնկրետ ռուսաց լեզվի 3-րդ դասարանի տետրերի մասին է, ընդ որում նախորդ տարիներին նման խնդիր չէր առաջացել։
Այս հարցի վերաբերյալ մենք դիմել էինք ԿԳՄՍՆ, որտեղից էլ մեզ հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։ Մեր հարցմանն ի պատասխան մեզ հայտնեցին՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական նյութեր (այդ թվում՝ աշխատանքային տետրեր) գործածվում են համաձայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի փետրվարի 15-ի N 08-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում դասագրքերի և ուսումնական այլ նյութերի գործածության երաշխավորման կարգի» պահանջների:
«Նշենք, որ ՀՀ պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարության կողմից տպագրվում են ուսումնական հաստատությունների տարրական դասարանների դասագրքերը և հետևյալ աշխատանքային տետրերը՝ «Մաթեմատիկա 1»՝ դասագիրք-տետր, «Կերպարվեստ 1»՝ աշխատանքային տետր, «Տեխնոլոգիա1»՝ աշխատանքային տետր, «Շախմատ 2»՝ վարժությունների տետր, «Շախմատ 3»՝ վարժությունների տետր, «Շախմատ 4»՝ վարժությունների տետր: Այլ առարկաների աշխատանքային տետրերի տպագրության գործընթացի նպատակով ԿԳՄՍ նախարարության բյուջեում միջոցներ նախատեսված չեն»,- հայտնեցին ԿԳՄՍ-ից:
Ինչպես նաև, տեղեկացրին, որ ուսումնական հաստատություններում կարող են գործածվել այն ուսումնական նյութերը, այդ թվում՝ աշխատանքային տետրերը, որոնք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով երաշխավորվել են գործածության: Աշխատանքային տետրերը կարող են տրամադրվել սովորողներին` ծնողների ցանկության պարագայում:
Այսինքն՝ ստացվում է, որ դպրոցներում երեխաններից պահանջում են մի բան, որի պատասխանատուն նախարարությունը չէ, և իրենց չի հետաքրքրում, թե որտեղից են ծնողները ձեռք բերելու այդ նույն տետրերը։ Ինչպես հայտնում է ԿԳՄՍՆ-ն, տետրերի բացակայությունը չի կարող բացասաբար անդրադառնալ ուսումնական գործընթացի վրա, սակայն փաստացի երեխաները դրա հետևանքով ստիպված են այլ կերպ կազմակերպել դասապրոցեսը կամ թերի:
Էմմա Մարտիրոսյան