Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ ՄԱՄՈՒԼ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ռոմանոս Պետրոսյանի կառավարած ՀԷՑ-ում ամենաթողություն է, թքած ունեն պաշտոնական հարցումների վրա

Blog Image

Շաբաթներ առաջ՝ ավելի կոնկրետ՝ սեպտեմբերի 3-ին, MediaHub-ը ահազանգ էր ստացել Էրեբունի վարչական շրջանում բնակվող քաղաքացիներից մեկից, որը նշել էր՝ հոսանքի տատանման հետևանքով իրենց տան տեխնիկան ամբողջապես վնասվել է, և իրենք ուղղակի չգիտեն՝ ինչ անել։

Դրանից օրեր առաջ էլ ՆԳՆ-ն հաղորդում էր ստացել, որ օգոստոսի 21-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում կրակ և ծուխ է նկատվում. հրդեհի պատճառը էլեկտրական լարերի կարճ միացումն էր։

Նման դեպքերի հաճախակիությունը, այն էլ ՀԷՑ-ում նման «լուրջ բարեփոխումներ» անելուց և այն պետականացնելուց հետո, ըստ էության, չպետք է լիներ, հատկապես այն պարագայում, որ ՔՊ-ն պնդում էր՝ ՀԷՑ-ը խլում են Սամվել Կարապետյանից, որպեսզի քաղաքացու շահերը կարողանան պաշտպանել, որպեսզի հոսանքի տատանման հետևանքով նյութական կորուստներ կրած քաղաքացիներ չլինեն, իսկ նրանք, ովքեր արդեն իսկ վնաս են կրել, ապա անպայման փոխհատուցում ստանան։

Եվ այժմ մեզ հետաքրքիր էր, թե արդյո՞ք այս խնդիրը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին մտահոգում է, կամ կա՞ն լուծման տարբերակներ, որոնք ինքն է առաջարկել, և որոնք կիրառվելու են։ Սակայն հարցի պատասխանը չկարողացանք բանավոր տարբերակով ստանալ, ՀԷՑ-ն այս պահին խոսնակ չունի, ուստի որոշեցինք գրավոր հարցում ուղարկել, որն ուղարկելուց րոպեներ անց պատասխան ստացանք՝ հարցումն ուղղվել է ՀԷՑ ընկերության ժամանակավոր կառավարչի ապարատ։

Այս ամենից հետո մենք սպասում էինք, որ պաշտոնական հարցմանը սահմանված ժամկետում կպատասխանեն, սակայն, մեր սպասելիքները չարդարացան։ Անցել է ուղիղ 15 օր, սակայն մեզ ոչ միայն չեն պատասխանել, այլ նաև չեն էլ փորձել հարցին պատասխանելու համար հավելյալ ժամկետ խնդրել՝ գոնե ձևականորեն ցույց տալու, թե մամուլի ազատությունն ու չորրորդ իշխանությանը ինչ-որ չափով հարգում են։

Չէ՞ որ ժողովրդավարության բաստիոնում ամեն ինչ պետք է բաց ու թափանցիկ լինի, չէ՞ որ այսօրվա իշխանությունը հենց այդ նպատակով «ազատագրեց» ՀԷՑ-ը։ 

Ինչևէ, մենք դեռևս սպասում ենք, որ Ռոմանոս Պետրոսյանի թիմը կարձագանքի մեր հարցմանը, քանի որ տասնյակ քաղաքացիներ իրենց խնդրի լուծման տարբերակն ակնկալում են գոնե մեզնից լսել։

Նարե Գնունի

Send