Վաշինգտոնյան հանդիպումից և փաստաթղթերի նախաստորագրումից հետո մինչ Փաշինյանը ամենուր խոսում է հաստատված իբր խաղաղության մասին, ադրբեջանցիները հիմա էլ խոսում են Մեղրին ադրբեջանական լինելու մասին։
Հիշեցնենք, MediaHub-ը գրել էր, որ օրերս ԵԱՀԿ-ում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը իրեն սանձարձակ է պահել և հայտարարել, թե Մեղրին ադրբեջանական է։
Արդյոք սա հերթական «պատահական» հայտարարությունն էր, թե՞ թշնամի երկրի առաջիկա ծրագրերի բացահայտում. այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի հետ, ով էլ նշեց, որ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ հռետորաբանությունը, ատելության խոսքը, հայաֆոբիան պետական քաղաքականության մակարդակում է Ադրբեջանում։
«Այդ երկրում, նաև նրա առաջնորդի շուրթերով այսօր էլ շարունակվում է Արևմտյան Ադրբեջանի խոսույթը, իսկ մենք գիտենք, թե ինչ նկատի ունեն, Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունները, այդ թվում՝ ՀՀ օկուպացված տարածքները։ Այս նույն Ադրբեջանում Երևանի, իսկ իրենց արտասանությամբ՝ «Էրիվանի» հիմն են կատարում օրկեստրով և երգչախմբով, պետական դահլիճներում»,- ասաց Գալստյանը։
Պատգամավորի խոսքով՝ այսօր Արցախում հայկական մշակութային ոչնչացումն ու հայկական հետքի վերացումը ևս պետական համակարգված քաղաքականություն է։ Իսկ Բաքվում կեղեքվող հայ ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարություններն էլ այս ամենի հավելյալ դրսևորումն է։
«Ցավոք, այս պատկերն ենք ունենալու, քանի դեռ պաշտոնական Հայաստանը շարունակում է զիջումների և Բաքվի պահանջների հլու ենթակայությունը։ Այս ամենը խոսում է այն մասին, թե որքան հեռու է Բաքուն խաղաղությունից և նրա իրական նպատակն ուղղված է մեր հայկական ինքնության դեմ, մեր՝ որպես պետականության չեզոքացմանը։ Սա շարունակվելու է, քանի դեռ Հայաստանն ադեկվատ արտաքին քաղաքաանություն չի վարել․ ագրեսոր-ցեղասպանին լեգիտիմացնելը խաղաղության չի հանգեցնում»,- հավելեց Լիլիթ Գալստյանը։
Էմմա Մարտիրոսյան