Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Լիցենզիայի կռիվ. ի՞նչ են մտածում առողջապահության ոլորտի մասնագետները

Blog Image

MediaHub-ը գրել էր, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողները պատրաստվում են դատի տալ Առողջապահության նախարարությանը: 

Նախարարի վերջին ասուլիսի ժամանակ MediaHub-ը Անահիտ Ավանեսյանին ներկայացրել էր ուսանողների բողոքը առ այն, որ ներդրվել է անցումային անհատական լիցենզիա կոչվող քննություն, որին ուսանողներն ամենևին էլ դեմ չեն, բայց եթե դա արվեր պատշաճ ձևով, իրենց ընդամենը մինչև դեկտեմբերի վերջ են ժամանակ տվել լիցենզիայի քննությունը հանձնելու համար, բայց երկու ամսում ուղղակի անհնար է սովորել այլ բժշկական մասնագիտություններ: Ամանորից հետո այս լիցենզիա կոչվող քննությունը կհանձնեն նաև բժիշկները: Ուսանողների բողոքը միայն մեկն է. ոչ թե ընդհանրապես չլինի քննություն, այլ լինի միայն իրենց անցած թեմաներով, իրենց մասնագիտության հետ կապված, և լինի անվճար հայերեն գրականություն, որը չկա:

Մենք տեղեկացրել էինք, որ ուսանողները երեկ փակ հանդիպում են ունեցել նախարարի հետ իրենց հուզող հարցերը բարձրաձայնելու համար, իսկ ի՞նչ են մտածում առողջապահության ոլորտի մասնագետները, արդյո՞ք  այս գործընթացը ճիշտ են համարում:

«Անկախ փորձագետ» ՀԿ նախագահ Ծաղիկ Վարդանյանը, ով նաև բժիշկ է մասնագիտությամբ, MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ անցումային լիցենզիայի առկայության դեպքում կլինիկական օրդինատորը դառնում է բժիշկ՝ անցումային իրավական կարգավիճակով, մինչև լիարժեք մասնագիտական լիցենզիայի ստացումը:

«Անհատական լիցենզիան իրականացվելու է երկու փուլով՝ թեստային փուլ և գործնական հմտությունների հետ կապված մուլյաժների վրա աշխատանք սիմուլյացիոն կենտրոնում, որից հետո ստանում են աշխատանքի իրավունք՝ անհատական լիցենզիա, որի պահանջը մինչև վերջերս չենք ունեցել: Ստացվում է՝ պետությունը լրացուցիչ պահանջ է ներկայացնում՝ մասնագիտական հմտությունների քննություն, որ թույլատրի մարդ բուժել: Լիցենզիան բազմաթիվ երկրներում կա, նույնիսկ զարմանում էին, թե ինչո՞ւ ՀՀ-ում անհատական լիցենզիա հասկացողություն չկա, սակայն, այն պետք է իրականացվի վերահսկողական մեխանիզմներով»,- նշեց Վարդանյանը:

Եթե լիցենզիան, ըստ Վարդանյանի, ֆորմալ է լինելու, չի ծառայելու մասնագիտական հմտությունների նոր գործիքակազմի ձեռքբերմանը, բժշկի որակի բարձրացմանը, որակի բարձրացմանը, ապա այն լինելու է ուղղակի ձևական փաստաթուղթ: 

Կարգավորման դրական կողմերից է, ըստ նրա, նաև այն, որ նպաստելու է երիտասարդ բժիշկների մասնագիտական ինքնուրույնության ձևավորմանը, թույլ է տալու օրդինատորներին աշխատել իրական կլինիկական միջավայրում և ձեռք բերել գործնական հմտություններ, թեթևացնել բժշկական հաստատությունների կադրային բեռը, հատկապես շտապ օգնության ծառայության մեջ, մարզերում։

Նախկինում 4-րդ կուրսեցին իրավունք ուներ բուժքույր աշխատելու, այդ սկզբունքն այժմ վերացել է, այժմ չի կարող թերի բժշկական կրթություն ունեցող մարդը, օրինակ, բուժքույր աշխատել: «Այժմ, իմ կարծիքով, գտել են լուծում նմանատիպ խնդիրը իրավական, բժշկական և որակի առումով կարգավորելու համար: Եթե այժմ՝ մինչև լիցենզավորումը, պարզ չէ, թե եթե խնդիր է առաջացել, ո՞վ է կրելու պատասխանատվությունը, գուցե օրդինատուրայի ուսանողը, ապա այժմ, երբ լիցենզիա ունենան օրդինատուրայի ուսանողները, նույն ստոմատոլոգը կկարողանա շտապօգնությունում հերթապահ լինել հսկողության տակ, օրինական, որպես բուժաշխատող»,- հավելեց Վարդանյանը:

MediaHub-ը հաջորդիվ կանդրադառնա ուսանողների և նախարար Անահիտ Ավանեսյանի հանդիպման մանրամասներին:

Մարիաննա Արամյան

Send