Ավելի վաղ գրել էինք, որ մեր տեղեկություններով՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողները պատրաստվում են դատի տալ Առողջապահության նախարարությանը:
Նախարարի վերջին ասուլիսի ժամանակ MediaHub-ը Անահիտ Ավանեսյանին ներկայացրել էր ուսանողների բողոքը առ այն, որ ներդրվել է անցումային անհատական լիցենզիա կոչվող քննություն, որին ուսանողներն ամենևին էլ դեմ չեն, բայց եթե դա արվեր պատշաճ ձևով:
MediaHub-ին դիմած ուսանողները նշում են, որ լիցենզիայի քննությունը չի համապատասխանում իրենց ընտրած մասնագիտությանը:
«Մենք ֆակուլտետով դիմել ենք իրավաբանի, պատրաստվում ենք դատի տալ Առողջապահության նախարարությանը, եթե չփոխեն քննության հարցաշարը: Ես, օրինակ, սովորում եմ ստոմատոլոգիական ֆակուլտետում, և լիցենզիան վերաբերվում է բոլոր ուղղություններին, այսինքն՝ նեղ մասնագիտական չի: Ես չեմ անցել գինեկոլոգիա, չեմ անցել շտապօգնություն և այլն: Այո, լիցենզիան համարում ենք շատ ճիշտ որոշում, եթե, իհարկե, լիցենզիայում լիներ միայն մեր անցած թեմաները՝ առաջին բուժօգնություն լիներ, ստոմատոլոգիայի հետ կապված ամենը լիներ, բայց ոչ գինեկոլոգիա կամ շտապօգնություն»,- նշել է MediaHub-ի զրուցակիցը:
Ըստ ուսանողի՝ իրենց ընդամենը մինչև դեկտեմբերի վերջ են ժամանակ տվել լիցենզիայի քննությունը հանձնելու համար, բայց երկու ամսում ուղղակի անհնար է սովորել այլ բժշկական մասնագիտություններ:
Բացի այդ, MediaHub-ին դիմած ուսանողները նշել էին, որ իրենք կնքել են պայմանագիր համալսարնի հետ, և միայն պայմանագիրը կնքելուց հետո նոր օրենք են ընդունել, որ ուսանողները հանձնեն լիցենզիա կոչվող քննությունը, և քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի, ապա նշանակում է, որ այն անօրինական է:
Բողոքի ալիքն այնքան մեծ է եղել, որ Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 10-ին, ժամը 16:30 նախարարությունում անհատական լիցենզիայի նոր համակարգի ներդրման մասով նախաձեռնել է հանդիպում-քննարկում:
MediaHub-ը դիմեց Առողջապահության նախարարությանը՝ արդյո՞ք բողոքի ալիքի ֆոնին նախարարությունը կփոխի հարցաշարերը, որ ուսանողների քննական հարցերը լինեն իրենց ընտրված մասնագիտության շրջանակում: Նախարարությունից արձագանքեցին, թե պատրաստ են ուսանողների հետ հանդիպման, բաց քննարկման` ինչպես հայտարարել են. «Լսելու ենք բոլոր մտահոգությունները, խնդիրները: Հանդիպման նախաձեռնողը նախարարն է: Սիրով կպատասխանի բոլոր հարցերին»,- նշեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը:
Մարիաննա Արամյան