Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Բժշկական համալսարանի ուսանողները դատի կտան Առողջապահության նախարարությանը

Blog Image

MediaHub-ի տեղեկություններով՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողները պատրաստվում են դատի տալ Առողջապահության նախարարությանը: 

Նախարարի վերջին ասուլիսի ժամանակ MediaHub-ը Անահիտ Ավանեսյանին ներկայացրել էր ուսանողների բողոքը առ այն, որ ներդրվել է անցումային անհատական լիցենզիա կոչվող քննություն, որին ուսանողներն ամենևին էլ դեմ չեն, բայց եթե դա արվեր պատշաճ ձևով:

Ի պատասխան, Անահիտ Ավանեսյանը ասուլիսին մեզ պատասխանել էր, թե. «Ուզո՞ւմ եք որակյալ բժշկական օգնություն, թող սովորեն լեզուներն էլ, գրականությունն էլ…»: Բայց, ինչպես ասում են մեր զրուցակիցները, նախարարը հաշվի չի առել այն, որ մնացել է ընդամենը երկու ամիս, և երկու ամսում բժշկական այլ մասնագիտությամբ և լեզուներով դա անելը ուղղակի անհնար է:

MediaHub-ին դիմած ուսանողները նշում են, որ լիցենզիայի քննությունը չի համապատասխանում իրենց ընտրած մասնագիտությանը:

«Մենք ֆակուլտետով դիմել ենք իրավաբանի, պատրաստվում ենք դատի տալ Առողջապահության նախարարությանը, եթե չփոխեն քննության հարցաշարը: Ես, օրինակ, սովորում եմ ստոմատոլոգիական ֆակուլտետում, և լիցենզիան վերաբերվում է բոլոր ուղղություններին, այսինքն՝ նեղ մասնագիտական չի: Ես չեմ անցել գինեկոլոգիա, չեմ անցել շտապօգնություն և այլն: Այո, լիցենզիան համարում ենք շատ ճիշտ որոշում, եթե, իհարկե, լիցենզիայում լիներ միայն մեր անցած թեմաները՝ առաջին բուժօգնություն լիներ, ստոմատոլոգիայի հետ կապված ամենը լիներ, բայց ոչ գինեկոլոգիա կամ շտապօգնություն»,- նշեց MediaHub-ի զրուցակիցը:

Ըստ ուսանողի՝ իրենց ընդամենը մինչև դեկտեմբերի վերջ են ժամանակ տվել լիցենզիայի քննությունը հանձնելու համար, բայց երկու ամսում ուղղակի անհնար է սովորել այլ բժշկական մասնագիտություններ:

«Փորձնական քննության հարցաշարում կա հարց շտապօգնության մասով՝ արդյո՞ք կանչի ժամանակ բժիշկը քաղաքացու տուն մուտք գործելիս պետք է հագնի բախիլ, կամ նման հարցեր, որոնք առնչվում են միայն շտապօգնության հետ, ստոմատոլոգիայից 0 հարց կա: Ու այս լիցենզիայի քննությունը ինչպե՞ս հանձնենք, եթե մեր անցած թեմաներից այստեղ ոչինչ չկա: Իսկ ահա երբ դիմեցինք համալսարանին, թե ինչպե՞ս հանձնենք այս քննությունները, մեզ պատասխանեցին, որ մի քանի անվճար դասընթաց կանեն այդ հարցերի շուրջ… Այսինքն, մենք համալսարանին վճարում ենք կլոր գումար, քննություն են ավելացնում, որտեղ մեր անցածից գրեթե ոչինչ չկա, մեզ ասում են մի երկու անվճար լեկցիա կանենք. սա աբսուրդ է ուղղակի»,- վրդովված ասաց ուսանողը:

Ամանորից հետո այս լիցենզիա կոչվող քննությունը կհանձնեն նաև բժիշկները: Ուսանողների բողոքը միայն մեկն է. ոչ թե ընդհանրապես չլինի քննություն, այլ լինի միայն իրենց անցած թեմաներով, իրենց մասնագիտության հետ կապված, և լինի անվճար հայերեն գրականություն, որը չկա:

Մեզ նաև ասացին, որ բողոքի ալիքը այնքան մեծ է եղել, որ Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 10-ին, ժամը 16:30 նախարարությունում անհատական լիցենզիայի նոր համակարգի ներդրման մասով նախաձեռնել է հանդիպում-քննարկում: 

Հաջորդիվ կներկայացնենք այդ հանդիպման մանրամասներն, ու թե արդյո՞ք ուսանողների պահանջները նախարարը պատրաստ է կատարել:

Մարիաննա Արամյան

Send