MediaHub-ը գրել էր, որ ներդրվել է անցումային անհատական լիցենզիա կոչվող քննություն, որը մեծ աղմուկ առաջացրեց ոլորտում, քանի որ ուսանողները դժգոհ են, որ այն չի համապատասխանում իրենց անցած մասնագիտական թեմաներին և մտցվել է հապճեպ:
Նախարարի վերջին ասուլիսի ժամանակ MediaHub-ը Անահիտ Ավանեսյանին ներկայացրել էր ուսանողների բողոքը, ի պատասխան, վերջինս մեզ պատասխանել էր, թե. «Ուզո՞ւմ եք որակյալ բժշկական օգնություն, թող սովորեն լեզուներն էլ, գրականությունն էլ…»: Բայց, ինչպես ասում են մեր զրուցակիցները, նախարարը հաշվի չի առել այն, որ մնացել է ընդամենը երկու ամիս, և երկու ամսում բժշկական այլ մասնագիտացում ունենալով դա անելը ուղղակի անհնար է:
Մեզ դիմած ուսանողները նշում են, որ լիցենզիայի քննությունը չի համապատասխանում իրենց ընտրած մասնագիտությանը:
Ի դեպ, Ամանորից հետո այս լիցենզիա կոչվող քննությունը կհանձնեն նաև բժիշկները: Ուսանողները ուրբաթ օրը հանդիպեցին նախարարի հետ, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ փակ հանդիպմանը նախարարը նշել էր, որ հնարավոր է վերանայեն հարցաշարերը:
Իսկ ի՞նչ են մտածում սույն լիցենզիայի մասին առողջապահության ոլորտի երկարամյա մասնագետները, որոնք անցած ճանապարհ ու վաստակ ունեն: Հարցի շուրջ MediaHub-ը զրուցեց բժշկական գիտությունների թեկնածու Լիլիթ Կուջոյանի հետ:
Վերջինս նշեց, որ ուսանողների բարձրացրած արդարացի աղմուկն այսբերգի միայն երևացող հատվածն է, և որ կան այլ խնդիրներ ևս:
«Դեռ 2022 թվականին բոլոր բուժաշխատողներին հրահանգվեց, որ մինչև 2023 թվականի սկիզբ պետք է անցնեն հավաստագրման գործընթաց, և հիմա ցանկացած բժշկի սենյակում պատին կախված է, որ 2023-ին ստացել են հավաստագիր համապատասխան ՇՄԶ-ով (շարունակական մասնագիտական զարգացում – խմբ.). ավագ բուժաշխատողների համար առնվազն 220 ՇՄԶ կրեդիտ, միջին բուժաշխատողների համար առնվազն 140 ՇՄԶ կրեդիտ, ինչով բուժաշխատողն իրավունք ունի աշխատելու մինչ 2028 թվականը: Եթե բժիշկը չուներ գիտաժողովներից հավաքած ՇՄԶ, ապա նա վճարում էր համապատասխան գումար, մասնակցում էր տարբեր դասընթացների, շաբաթական վճարում էր բավականին գումար, որ կարողանար համապատասխան ՇՄԶ-ները ստանալ, որպեսզի իրավունք ունենար հաջորդ հինգ տարին աշխատել»,- նշեց Կուջոյանը:
Ըստ նրա՝ բուժաշխատողները չեն հասկանում նոր համակարգը, քանի որ եթե արդեն հավաստագիր ունեն, ինչի՞ համար այժմ ներդրեցին անհատական լիցենզիա ասվածը: Այսինքն՝ արդյո՞ք բժիկները պարտավոր են կրկին քննություն հանձնել, եթե երկու տարի առաջ ստացել են հավաստագիր, որոշների դեպքում՝ զգալի ֆինանսական վճարների ճանապարհով: Տրամաբանությունը, ասում է մեր զրուցակիցը, այստեղ բացակայում է…
«Ուրիշ բան, եթե նախարարությունից հայտնեին, որ մինչև 2028 թվականը բժիշկները կարող են կամաց-կամաց հանձնել անհատական լիցենզիան, որ 2028-ից հետո այս ձևն է լինելու: Այս ամենը, ընդհանրապես, հստակեցրած չի: Բացի այդ, ես ուսումնասիրեցի անհատական լիցենզիայի քննական հարցաշարը, և կարող եմ ասել, որ ուսանողներինն էլ է խայտառակություն, բժիշկներինն էլ: Այս հարցաշարը ո՞վ է կազմել, ըստ երևույթի՝ թարգմանված է: Օրինակ, տարբեր տերմինները նշված են օտարալեզու, ինչը հակասում է նախարարության հրահանգին այն մասին, թե բժշկական թղթաշրջանառությունը պետք է լինի ՀՀ պետական լեզվով՝ հայերենով, կամ էլ բժշկության լեզու լատիներենով։ Ուստի և անհասկանալի է՝ ապագա բժիշկ եք կրթում, թե ձևականությամբ զբաղվում»,- վրդովված նշեց Լիլիթ Կուջոյանը:
Մեր զրուցակցի խոսքով, ստացվում է՝ 2022 թ-ին ստիպեցին բժիշկներին հանձնել ՇՄԶ, բոլորը վճարեցին գումար Առողջապահության ազգային ինստիտուտին՝ ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանին և Բժշկական համալսարանին, իրենց բյուջեն հարստացավ, քանի որ բավականին լուրջ գումար է վերապատրաստման դասընթացներին մասնակցելը: Իսկ հետո՞.
«Ոչ մի տեղեկատվություն չկա՝ ո՞վ է կազմել այս թեստերը, որ մասնագետներն են կազմել, ոլորտի մասնագետները տեղյակ չեն, առաջատարները տեղյակ չեն… Ո՞վ է գրել այս հարցաշարը, բժշկական գիտությունների թեկնածուն ո՞ւմ գրած հարցաշարի հիման վրա պետք է գնա «քննություն» հանձնի, որ իբր Անահիտ Ավանեսյանը, որը առողջապահության հետ կապ չունեցող մարդ է, որոշի՝ աշխատելու է այդ մարդը, թե՝ ոչ»,- հավելեց Կուջոյանը:
Բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները դեռ չկան, հստակեցում չկա: Պարզ է մեկ բան՝ դարձյալ հապճեպ արվում է մի բան, որից համակարգը տուժելու է, բայց նախարարությունը ցույց կտա, թե աշխատում է. այսպես ասած՝ имитация бурной деятельности: MediaHub-ը կշարունակի այս թեման զարգացնել, ի վերջո հասկանալու համար՝ ո՞ւմ համար է և ո՞ւմ է պետք այդ լիցենզիան, եթե, պարզվում է, բժիշկները արդեն իսկ ունեն որակավորում և մինչև 2028 թ-ը կարող են հանգիստ աշխատել:
Մարիաննա Արամյան