MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ Վանաձորի համայնքապետարանը դադարեցրել է Արցախյան գոյամարտի մասնակից, զոհվածների ու վիրավորների ընտանիքներին ձմռան ջեռուցման համար 10.000-ական դրամների փոխհատուցումը:
MediaHub-ը դիմեց Վանաձորի համայնքապետարան՝ հասկանալու, թե ինչո՞ւ են դադարեցրել աջակցության տրամադրումը:
«Կառավարության որոշում կա, որ որևէ համայնքապետարան այլևս գումար չի տրամադրում քաղաքացուն: Համայնքապետարանը պետք է ծառայություն ձեռք բերի և նոր այդ ծառայությունը փոխանցի քաղաքացուն, եթե այն ժամանակ սոցաջակցություն էր տրամադրվում մինչև 50.000 դրամի չափով հանձնաժողովի քննարկման արդյունքում, օրինակ՝ դեղորայքի համար փոխհատուցում էր լինում, այժմ համայնքապետարանը պետք է դեղատան հետ պայմանագիր կնքի և դեղը կհատկացվի: Եվ այժմ վառելափայտ ստանալու համար պետք է դիմում ներկայացնել»,- MediaHub-ի հետ զրույցում նշեցին Վանաձորի համայնքապետարանից:
Արդյո՞ք դիմում ներկայացնելուց հետո բոլոր դիմումատուները վառելափայտ կստանան: Համայնքապետարանից նշեցին, որ վառելափայտի մասով բոլոր դիմումները նայվում են, եթե ընտանիքը փայտ է օգտագործում՝ վառելափայտը տրամադրվում է, փայտի տրամադրումն էլ է իրականացվում հանձնաժողովի որոշմամբ: Իսկ եթե ընտանիքը վառելափայտ չի օգտագործում, բայց ունի փոխհատուցման կարիք՝ էլեկտրաէներգիայի, գազի օգտագործման համար, արդյո՞ք այս ընտանիքներին տրամադրվում է փոխհատուցում։ «Կառավարության որոշումից հետո յուրաքանչյուր համայնք պետք է մշակի իր կարգը և հաստատի այն, Վանաձորում կարգը մշակվել է, սակայն, ավագանու արտահերթ նիստի ժամանակ դեռ պետք է այն հաստատվի, քանի դեռ կարգը չի հաստատվել, նույն դեղորայքը համայնքապետարանը չի կարող տրամադրել: Վառելափայտին սա չի վերաբերվում, վառելափայտը տրամադրում է համայանքապետարանը կարիքավոր ընտանիքներին աշնանը և ձմռանը: Այն ընտանիքները, որոնք ստանում էին 10.000-ական դրամներ, այժմ կարող են դիմել և փայտը կտրամադրենք»,- հավելեցին համայնքապետարանից:
Մարիաննա Արամյան