Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Նոր մանրամասներ՝ Կոտայքում չորս մարդու uպանության մեջ մեղադրվողի մասին. ո՞վ է նա

Blog Image

Այսօր պարզվեց, որ Արամուսում ամուսիններին սպանած անձը ևս երկու հոգու է սպանել Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին։ Այս անգամ նրա թիրախում են եղել Զովունի բնակավայրում հաշվառված 46-ամյա Վահե Մարտիրոսյանն ու Երևանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանը: Վերջիններս տեղում մահացել են:

Պարզվում է, որ երկրորդ սպանության դեպքը տեղի է ունեցել առաջինից ժամեր անց՝  նախքան սպանության մեջ մեղադրվողի հայտնաբերվելը, պարզապես այս դեպքի մասին հայտնի է դարձել ավելի ուշ, երբ հայտնաբերել են Մարտիրոսյանի և Հայրապետյանի մարմինները։

Նշենք, որ սպանության մեջ կասկածվողը Կոտայքի մարզի բնակիչ, 61-ամյա տղամարդ է, որն իր զոհերի վրա կրակել էր իր անվամբ գրանցված որսորդական հրացանից: Հավելենք, որ մամուլում լուրեր տարածվեցին, որ տվյալ անձն ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, սակայն նրան հոգեբուժարանում չեն պահում, քանի որ «տեղ չկա»։ 

Առողջապահության նախարարությունից MediaHub-ին ասացին, որ այս ամենը չեն մեկնաբանում՝ նշելով, որ նախաքննության փուլ է, բացի այդ մարդու առողջության մասին անձնական տվյալներ չեն կարող հրապարակել։

Ի հակադրում դրան, արամուսցիները նշում են՝ եթե հոգեկանի հետ կապված խնդիրներ ուներ, ապա ո՞նց էր կարողացել զենք ունենալու իրավունք ձեռք բերել։

Արամուսի վարչական ղեկավար Ստեփան Հակոբյանը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ ինքն անձնապես չի ճանաչում սպանության մեջ մեղադրվողին, սակայն նրա մասին տարբեր կարծիքներ է լսել այս օրերի ընթացքում։

«Ովքեր սիրում են նրան, արդարացնում են, ասում են, որ հնարավոր չի՝ նման բան աներ, մյուսներն ասում են՝ ինչ-որ բանի ազդեցության տակ է եղել, երրորդ կողմն էլ ասում է, թե հոգեկան խնդիրներ ուներ։ Այսինքն՝ էս պահին Արամուսում հնչող կարծիքներից չեք կարող հասկանալ, թե իրականում ինչ է եղել, ով ոնց գիտի, ոնց պատկերացնում է, ներկայացնում է իրավիճակը։ Մի բան հստակ է՝ դեպքից ժամեր անց նրան արդեն ձերբակալել են, գյուղում էլ ոստիկանները հսկողություն են իրականացնում։ Մարդիկ հանգիստ են, խուճապ ու վախ չկա»,- նշեց մեր զրուցակիցը։

Նա տեղեկացրեց, որ սպանության մեջ մեղադրվողն ամուսնացած է, տղա ու աղջիկ ունի, որոնք արդեն հասուն մարդիկ են ու ծնողների հետ չեն ապրում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ սպանության մեջ մեղադրվողը տարիներ ձգվող կոնֆլիկտ է ունեցել Արամուսում սպանված ամուսինների հետ։ Իսկ թե այսօր հայտնաբերված կնոջ ու տղամարդու հետ ինչ կապ է ունեցել, դեռևս պարզ չէ։

Նարե Գնունի

Send