Արդեն հայտնել ենք, որ Էջմիածնում ընտրությունների քարոզարշավին ակտիվ է մասնակցելու է գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը․ նրանց դուստրը՝ Այծեմնիկ Գրիգորյանը, «Ժառանգություն» կուսակցության ցուցակում է։
Ինչո՞ւ է Մանվել Գրիգորյանի դուստրը նման որոշում կայացրել, ինչո՞ւ է «Ժառանգության» ցուցակով առաջադրվել, և արդյո՞ք ՀՀԿ-ից արձագանք եղել է. այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Նազիկ Ամիրյանի հետ։
- Տիկին Նազիկ, Ձեր դուստրը որոշել է մասնակցել Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին, այսինքն՝ քաղաքական հստակ քայլ է անում, իսկ ձեր ընտանիքն ինչ-որ առումով հենց քաղաքականության զոհ դարձավ։ Հիմա դուք ինչպե՞ս եք վերաբերում այս որոշմանը։
- Դա իմ աղջկա անձնական որոշումն է՝ մասնակցելու համայնքի ավագանու ընտրություններին։ Եվ ես ամեն կերպ օգնելու ու աջակցելու եմ իմ աղջկան։ Այո՛, Մանվել Գրիգորյանն այս իշխանությունների համար առաջին քաղաքական զոհը դարձավ, բայց մենք էլ որևէ վախ չունենք։ Ինչ անելու էր այս իշխանությունը, արդեն արել է։ Իմ դեմ էլ գործերը ոնց 2019-ին բացվել են, մինչև հիմա շարունակվում են, ոչ մի քայլ առաջ չեն գնացել։ Էլ ի՞նչ վախ պիտի ունենանք։ Այս իշխանությունն արդեն ինչ կարող էր, արել է մեր ընտանիքի դեմ։ Աղջիկս էլ վախեր չունի, եթե որոշել է նման քայլ անել։
- Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ձեր դստեր շանսերը՝ հաշվի առնելով հոր անվան շուրջ ձևավորված մթնոլորտը:
- Գիտեք, բավականին ժամանակ է անցել այդ ամենից, մարդիկ ավելի գիտակից են դարձել, դեպքերի ու իրողությունների բացատրությունն են փորձում գտնել, թե ինչու հենց Մանվել Գրիգորյանը դարձավ այս իշխանության առաջին զոհը, ինչու հենց նրան այս իշխանությունը առաջին հերթին փորձեց վերացնել։ Եվ շատերն արդեն հասկացել են, որ Մանվել Գրիգորյանի կենդանության օրոք Արցախն էս օրը չէր ընկնի։ Երևի հասկացող, գիտակից մասայի համար արդեն երևի ամեն բան պարզ է, ուստի Մանվել Գրիգորյանի անունը միայն կօգնի նրան։
- Ձեր դուստրը «Ժառանգության» ցուցակով է գնում ընտրությունների։
- Այո՛, այդպես է նպատակահարմար գտել։
- Իսկ ՀՀԿ-ից արձագանք եղե՞լ է։
- Ոչ, ի՞նչ արձագանք պետք է լիներ։
- Դե, Մանվել Գրիգորյանը միշտ ՀՀԿ ցուցակում է եղել, մշտապես այդ շարքերում, Ձեր որդին ՀՀԿ-ական համայնքապետ էր։
- Ոչ մի արձագանք իրենցից չենք ունեցել։
Նարե Գնունի