Քիչ առաջ Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հայտարարություն տարածեց` տեղեկացնելով, որ որոշում է կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Հիշեցնենք, վերջինիս նկատմամբ դատարանը օրերս է խափանման միջոցը փոխել՝ սահմանելով վարչական հսկողություն: Եվ դեռ հունիսին վարչական ղեկավարի պաշտոնում լիազորությունները դադարեցրած Մկրտչյանը շտապեց դուրս գալ նաև ՔՊ-ից:
MediaHub-ի աղբյուրները հայտնում են, որ նրան «հորդորել են» նման որոշում կայացնել, քանի որ ՔՊ-ն ընտրությունների նախաշեմին չի ցանկանում ասոցացվել մարդ առևանգող, ծեծող անհատների հետ:
Ի՞նչն է դրդել Ռազմիկ Մկրտչյանին ամիսներ անց Փաշինյանի կուսակցությունից դուրս գալու որոշում կայացնել:
MediaHub-ի հետ զրույցում Մկրտչյանն ասաց՝ այն ամենից զատ, ինչ կա հայտարարության մեջ, ասել չի ցանկանում:
Ճշտող հարցին՝ արդյո՞ք ՔՊ-ում կոնֆլիկտ է ունեցել, նեղացա՞ծ է հեռանում, արձագանքեց, թե դա իր անձնական որոշումն ու մոտեցումն է։
Իսկ կմնա՞ քաղաքական դաշտում. «Այլ կուսակցությունների չեն միանալու, այլ բան չեմ հայտարարում»,- նշեց նա։
Մկրտչյանի խոսքով՝ իր արդեն նախկին թիմակիցների հետ լավ հարաբերությունների մեջ է, որևէ խնդիր չունի։
Այլ հարցերի Մկրտչյանը չցանկացավ պատասխանել։
Հիշեցնենք, 2025-ի հունիսին Մկրտչյանը ձերբակալվել է Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծի ենթարկելու և նրա ազատությունը սահմանափակելու համար: Ըստ մամուլի՝ Մակարյանը քննադատել է Մկրտչյանի աշխատանքային գործունեությունը, առաջարկել է ՔՊ նիստին քննարկման առարկա դարձնել նրա աշխատանքը, ինչը դուր չի եկել Մկրտչյանին: Այսօր հայտնի դարձավ, որ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոցը փոխել էկիրառելով վարչական հսկողություն, համակցված բացակայելու արգելքով:
Էմմա Մարտիրոսյան