Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ուզո՞ւմ եք ջուր խմել, նախ վճարեք

Blog Image

Օրեր առաջ MediaHub-ը գրել էր, որ «Վեոլիա ջուր»-ը որոշել է, որ այսուհետ համայնքներում ջրաչափերը պետք է լինեն բակերից դուրս։ Այդ որոշման արդյունքում անցկացվում են նոր ջրագծեր ու վերջ։ Մնացած ծախսերը՝  ջրագծից խողովակներով ջուրն իրենց տուն տանելը և այլն, պետք է հոգան քաղաքացիները։ Բացի այդ, նոր ջրաչափեր տեղադրելու համար վնասում են մարդկանց գույքը, ու կրկին այն վերականգնելու ծախսերը քաղաքացիների ուսերին են։ 

Այլընտրանքը մեկն է, եթե քաղաքացին չի ցանկանում տուրք տալ «Վեոլիա ջուր»-ի շանտաժին, ապա պիտի մնա առանց ջրի ու վնասված գույքով։ Սրան էլ հարկ է հավելել սիստեմատիկ ու մեկ օրից ավելի տևող ջրանջատումները։ Իսկ որևէ տեղեկության համար 185 զանգելը ժամանակի զուր վատնում է, քանի որ օրվա բոլոր ժամերին բոլոր օպերատորները մշտապես զբաղված են։ Ուստի մենք գրավոր հարցում ուղարկեցինք՝ հասկանալու, թե ինչու է նման որոշում ընդունվել։

Ի պատասխան մեր հարցման՝ «Վեոլիա ջուր» ընկերությունից նշել են.  «Մատակարարի («Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի, խմբ.) և դիմող անձի փոխհարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենքներով, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30.11.2016թ.-ի N378-Ն որոշմամբ սահմանված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններով», վարձակալության պայմանագրով և այլ իրավական ակտերով։

Համաձայն Կանոնների Գլուխ 9-ի («Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, տեղակայման, ստուգաչափման կարգը») 74-րդ կետի պահանջի՝ «Նոր միացման դեպքում առևտրային հաշվառքի սարքը տեղակայվում է բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետող տարածքից դուրս՝ սահմանազատման կետում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ սահմանազատման կետին հնարավոր ամենամոտ կետում»։ Կանոնների Գլուխ 1-ի («Առարկան և հիմնական հասկացությունները») 2-րդ կետի (19) ենթակետով՝ «Սահմանազատման կետը Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի այն կետն է, որին անմիջապես հաջորդում է Բաժանորդի սեփականություն՝ հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքը»:

«Վարձակալության պայմանագրով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն ստացել է Ջրային կոմիտեին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի գույքի օգտագործման իրավունքը: Ընկերությունը պատասխանատվություն է կրում միայն վարձակալված գույքի շահագործման, պահպանման և նորոգման աշխատանքների, ինչպես նաև՝ Ջրային համակարգին Բաժանորդի ներքին ցանցի միացման (այդ թվում՝ Առևտրային հաշվառքի սարքի տեղադրման) համար, իսկ Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետող տարածքում՝ ներքին ցանցի ջրագծերի անցկացումը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պատասխանատվությունից դուրս է»,- ասված է ընկերության տրամադրած պատասխանում։

Ուստի, հարգելի քաղաքացիներ, Ձեր տները ջրով ապահովելու համար պետք է դուք վճարում կատարեք։

Նարե Գնունի

Send