Վերջին օրերին Երևանի տարբեր վարչական շրջաններում բնակիչներն ահազանգում են կոյուղատարների վթարների մասին, որոնք հաճախ ուղեկցվում են մայրաքաղաքի փողոցներով կեղտաջրերի արտահոսքով և տարածվող գարշահոտությամբ։
Հատկապես ամռան տապին այս երևույթը լուրջ անհարմարություններ է ստեղծում քաղաքացիների համար, որոնցից շատերը ստիպված են իրենց առօրյան անցկացնել տհաճ հոտի պայմաններում։
Վերջին մի քանի օրերին, մասնավորապես, կոյուղաջրերը ողողել էին կենտրոնի ամենամարդաշատ ու զբոսաշրջիկաշատ փողոցներից մեկը՝ Սարյանը, ու քանի որ օրեր շարունակ կոյուղաջրերը անխոչընդոտ հոսում էին փողոցով, տնտեսվարողները բողոքում էին, որ մարդիկ չեն նստում սրճարաններում. գարշահոտը սարսափելի է այս շոգ օրերին:
Այսօր էլ համացանցում տեսանյութ է տարածվել, որ նույն վիճակը նաև «Ռայկոմում է»:
MediaHub-ը կապ հաստատեց «Վեոլիա ջուր» ՓԲԸ մամուլի քարտուղար Կարինե Կարապետյանի հետ։ Վերջինս ընդգծեց, որ իրավիճակում արտառոց ոչինչ չկա, կա կոյուղաջրերի խցանումներ, վթարներ, որը ընթացիկ աշխատանքների միջոցով կարգավորվում է։
«Յուրաքանչյուր թաղամասում ինչ-որ խնդրի դեպքում ահազանգում են 1-85, ըստ ահազանգի աշխատակիցները գնում խնդիրը կարգավորում են»,- նշեց մեր զրուցակիցը։
Ահա այսպես լակոնիկ՝ գլոբալ խնդրի մասին, որը պատել է Երևանը գարշահոտով, բայց պատասխանատու կառույցը դրանում ոչ մի արտառոց բան չի տեսնում ու չի շտապում խնդիրը լուծել:
Էմմա Մարտիրոսյան