Ռոմանոս Պետրոսյանը քարուքանդ է արել ՀԷՑ-ը՝ տապալելով էլեկտրական ցանցերի կառավարումը։ Նրա գալուց հետո ոչ միայն չեն պակասել վթարային անջատումները, այլև ավելի են ավելացել։ Ու այս ամենը՝ Ռոմանոս Պետրոսյանի քաղաքական չբավարարված ամբիցիաների, ոլորտից գաղափար չունենալու, սխալ կադրային քաղաքականության և ոչ պրոֆեսիոնալ կառավարման հետևանքով։
MediaHub-ին ասացին, որ Հայաստանի էլեկտրական ցանցերի ութ մասնաճյուղերից վեցի տնօրեններին, որոնք բազմամյա փորձառությամբ երկարամյա տնօրեններ էին, Ռոմանոսն արդեն փոխել է՝ նրանց փոխարեն նշանակելով անփորձ, անգրագետ ու ոլորտից կիլոմետրերով հեռու մարդկանց, որոնց միակ «արժանիքը» ՔՊ-ական լինելն է։ Այս պահին դեռևս չեն փոխվել «Գեղամա» մասնաճյուղի տնօրենն ու «Տաթև» մասնաճյուղի տնօրենը։
Նույն կերպ պաշտոնից ազատվել են այդ մասնաճյուղերի մեջ մտնող տարբեր համայնքների ցանցի պետերը։ Նրանց ասվել է՝ դիմում գրել ու հեռանալ, և ով ինքնակամ դիմում չի գրել, արդեն ռոմանոսյան արժեքներով ավանդույթ դարձած «անվստահության հիմքով» նրանց ազատել են զբաղեցրած պաշտոնից։ Իսկ ո՞րն է այդ «անվստահության հիմքը»։ Պատասխանը պարզ է՝ եթե տվյալ ցանցի պետը կամ մասնաճյուղի տնօրենը ՔՊ-ական է կամ համաձայն է համբուրել ՔՊ-ի դրոշը, ապա նա կշարունակի մնալ և աշխատել, եթե ոչ՝ հաջողություն։
Այսինքն՝ Ռոմանոս Պետրոսյանը ամբողջ ՀԷՑ-ը ուզում է կուսակցականացնել, նիկոլացնել ու ՔՊ-ացնել՝ թքած ունենալով, թե ինչ կլինի հետո։ Իսկ հետոն արդեն եկել է։ Օրինակ՝ մեզ ասացին, որ Չարենցավանում, որի ցանցի պետին ևս Ռոմանոս Պետրոսյանն ազատել է իր հորինած այդ «անվստահության հիմքով», տևական ժամանակ է՝ բարձրավոլտ մալուխ է վնասվել կամ, ինչպես իրենք են ասում, «կաբել է խփել», ու մինչև հիմա չեն սարքում։ Երկրորդ գծով են «յոլլա գնում», ու եթե դա էլ վնասվի՝ կկանգնեն լուրջ խնդրի առաջ։ Իսկ ինչո՞ւ չեն սարքում վնասված մալուխը, որովհետև ոչ մեկի հետաքրքիր չէ դա, չկա սրտացավ մեկը, որ կազմակերպի վնասված մալուխի վերականգնման աշխատանքները։
Ցանցի նախկին պետը՝ Մարտիկ Մանասյանը, ավելի քան 40 տարվա աշխատանքային փորձ ուներ, օր ու գիշեր բաժանորդների կողքին էր, եթե մի տեղ մի վթար էր լինում, գիշերվա կեսին էլ լիներ, անմիջապես կազմակերպում էր, բրիգադ էր ուղարկում, որ արագ վթարը վերացնեին, ու մինչև բաժանորդների հոսանքը չէին տալիս, տուն չէր գնում ու տուն չէին գնում ոչ ոք։ Բացի այդ, թե՛ Չարենցավանում, թե՛ մյուս համայնքներում այս տարիներին լուրջ ներդրումներ են կատարվել, ամեն օր ցանցի արդիականացման աշխատանքներ էին տարվում, օրինակ՝ Չարենցավանում հերթով փոխվել են հին, մաշված էլեկտրասյուները, որոնք քամուց հաճախ պոկվում էին ու էլէներգիայի խափանման պատճառ դառնում։ Դա հսկայական ու ժամանակատար աշխատանք է, որն իրականացվում էր հերթով և հետևողականորեն։ ՀԷՑ-ը խլելուց հետո, ասում են, այդ աշխատանքները կանգնել են՝ այլևս որևէ արդիականացում տեղի չի ունենում էլեկտրական ցանցերում։ Հիմա չկա սրտացավ մեկը, որ զբաղվի այս հարցերով։ Իսկ ով էլ զբաղվում է՝ նախկինից մնացած կադրեր են, որոնք պատասխանատվության զգացում ունեն, նաև պրոֆեսիոնալ են, իսկ Ռոմանոս Պետրոսյանի բերած ՔՊ-ական կադրերը հիմնականում ոչ պրոֆեսիոնալ են, անփորձ ու տգետ, պատասխանատվության զգացում էլ, բնականաբար, չունեն։
Կարճ ասած՝ իրենց միայն իրենց քաղաքական շահն ու անձնական ամբիցիաներն է հետաքրքրում, բաժանորդներին մատուցած ծառայությունների որակի, իրենց ստանձնած կամ խլած պատասխանատվության վրա թքած ունեն։
MediaHub-ը փորձեց այս խնդիրների շուրջ պարզաբանում ստանալ Ռոմանոս Պետրոսյանից, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։ Եթե հարկ կհամարի այս հոդվածից հետո պարզաբանում տալ, մենք պատրաստ ենք լսել նրան։
Վահե Մակարյան