Երևանում այնքան շոգ է, որ մարդկանց ինքնազգացողությունը փողոցում մի րոպե ավելի մնալու պարագայում անխուսափելիորեն վատանում է։ Շուրջ մեկ շաբաթ է, ինչ մայրաքաղաքում «անմարդկային շոգ» եղանակ է՝ ցերեկը ջերմաստիճանը հատում է 40-41-ի շեմը, անգամ երեկոյան 33-35 է լինում։
MediaHub-ը գրել էր, որ ըստ մեզ ահազանգած քաղաքացիների՝ ավտոբուսների վարորդներն այս անմարդկային շոգ եղանակին չեն միացնում օդորակիչները՝ պնդելով, թե դրանք չեն աշխատում։ Իսկ 36 համարի ավտոբուսում օրերս մեզ ահազանգած քաղաքացու ուշքը գնացել էր։
MediaHub-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը խնդրին ի պատասխան նշել էր, որ ընդհանուր «Higer» մակնիշի 103 ավտոբուսներից կեսում՝ 50-60–ում օդորակիչները չեն աշխատում, բայց վերանորոգման ընթացքի մեջ են, այսինքն, համակարգի հետ խնդիր չունեն։ 87 միավոր «MAN» մակնիշի ավտոբուսներում օդորակիչներն աշխատում են, 562 միավոր «Zhong Tong» ավտոբուսներում նույնպես օդորակիչներն աշխատում են։
Սակայն, մենք շարունակում ենք ստանալ ահազանգեր մեր ընթերցողներից, որ որքան էլ պատկան մարմինները պնդում են, թե խնդիր չկա, այն իրականում կա ու գնալով ավելի է սրվում: Օրինակ, երեկ երևանյան ավտոբուսներից մեկում կրկին մարդ է ուշագնաց եղել, ընդ որում մեզ ասացին՝ նրա համար շտապ օգնություն են կանչել:
MediaHub-ը կրկին դիմեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանին՝ այս անգամ ներկայացնելու այս դեպքը և ճշտելու, թե ո՞րն է եղել քաղաքացու ուշագնացության պատճառը, չմիացված օդորակի՞չը։
«Վարորդներին հրահանգել ենք, և դա նոր չէ, որ եթե ավտոբուսում քաղաքացու ինքնազգացողությունն է վատանում կամ անգամ մատի մեջ փուշ է մտնում, ապա ավտոբուսի վարորդը պետք է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի համապատասխան ծառայությանը տեղյակ պահի, և տեղյակ են պահում: Երեկ, այո, դեպք ունեցել ենք ինքնազգացողության վատացման, բայց պատճառը օդորակիչը չի եղել, երիտասարդ հղի կնոջ ուշքն է գնացել, իր վիճակով պայմանավորված է եղել, պատճառը ավտոբուսը չի եղել»,– հավաստիացրեց Ասատրյանը։
Նա հավելեց, թե քանի որ իրենց համար բոլոր ուղևորներին պատշաճ ծառայություն մատուցելն ամենակարևորն է, դրա համար խիստ հրահանգ է տրված, որ ցանկացած պարագայում ուղևորի հետ կապված հարցով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ում ահազանգ լինի, ասել է թե՝ «ուղևորն ապահովագրված է»։
«Օդորակիչների մասով, ինչպես երկու օր առաջ նշել էի Ձեզ հետ զրույցում, «MAN» ու «Zhong Tong» մակնիշի ավտոբուսներում օդորակիչներն աշխատում են, իսկ «Higer» մակնիշի մասով նշել էի, որ ավտոբուսներից 60–ում օդորակիչները չեն աշխատում, սակայն, այս երկու օրվա ընթացքում արդեն իսկ 48-ում չի աշխատում, այսինքն՝ երկու օրում 12–ի հարցը լուծվել է»,– հավելեց Ասատրյանը։
Մարիաննա Արամյան