Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Վարորդները ավտոբուսներում չեն միացնում օդորակիչները, մարդիկ ուշագնաց են լինում. ի՞նչ են մտածում պատկան մարմինները

Blog Image

Երևանում վերջին օրերին «անմարդկային շոգ է», օդի ջերմաստիճանը տեղ–տեղ գերազանցում է +40-ը, սակայն, ավտոբուսի վարորդները նոր որևէ կերպ չեն փորձում մտնել քաղաքացիների դրության մեջ ու ավելի են բարդացնում իրավիճակը։

MediaHub-ին ահազանգած քաղաքացիները նշում են, որ ավտոբուսներում վարորդները չեն միացնում օդորակիչները։ Բողոքին ի պատասխան նրանք պատճառաբանում են, թե օդորակիչները չեն աշխատում և դրա համար չեն միացնում, ինչը բնավ չի մեղմացնում մարդկանց ճակատագիրը՝ ժողովուրդն այս շոգին ուղղակի խեղդվում է։

«Երեկ այնքան շոգ էր 36 համարի ավտոբուսում, որ իմ ուշքը գնաց, ես ուշաթափվեցի։ Վարորդը պնդում էր, թե չի աշխատում օդորակիչը,  հենց այս շոգի՞ն պետք է փչանար։ Արդյո՞ք նորմալ է երևույթը, որ արդեն որերորդ օրն է, որերորդ ավտոբուսում չի աշխատում օդորակիչը, խնայո՞ւմ են, կամ էդ ի՞նչ զուգադիպություն է՝ ում լսում ես, բոլոր ավտոբուսներում օդորակիչները փչացած են»,– նշեց MediaHub-ին ահազանգած քաղաքացին։

Մենք ստացել ենք մի շարք ահազանգեր, որ նույն վիճակը վերջին օրերին եղել է ոչ միայն 36 համարի ավտոբուսում, այլ նաև թիվ 24 և 75 համարների ավտոբուսներում։ Այսինքն՝ խնդիրը գրեթե համատարած բնույթ է կրում:

MediaHub-ը կապ հաստատեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանի հետ, և ընդամենը մեկ հարց ունեինք՝  կոնկրետ քանի՞ ավտոբուսում չեն աշխատում օդորակիչները։

«Ընդհանուր «Higer» մակնիշի 103 ավտոբուսներից կեսում՝ 50-60–ում օդորակիչները չեն աշխատում, բայց վերանորոգման ընթացքի մեջ են, այսինքն, համակարգի հետ խնդիր չունենք։ 87 միավոր «MAN» մակնիշի ավտոբուսներում օդորակիչներն աշխատոում են, 562 միավոր «Zhong Tong» ավտոբուսներում նույնպես օդորակիչներն աշխատում են»,– նշեց Ասատրյանը։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի քարտուղարին փոխանցեցինք հասցեական բողոքները, որ խնդիր կար 36 համարի ավտոբուսում, նաև մյուսներում, ինչին ի պատասխան Ասատրյանը հավաստիացրեց, որ այդ դեպքի հետևից պետք է գնալ, քանի որ «MAN» մակնիշի ավտոբուսներում խնդիր չպետք է լինի։

Մարիաննա Արամյան

Send