Ինչու է Իռլանդիայի պատվիրակը դեմ քվեարկել Լաչինի հարցը ԵԽԽՎ-ում քննարկելուն

Ինչու է Իռլանդիայի պատվիրակը դեմ քվեարկել Լաչինի հարցը ԵԽԽՎ-ում քննարկելուն

Ինչպես MediaHub-ը գրել է, երեկ ԵԽԽՎ նիստերի օրակարգ ներառվեց Լաչինի միջանցքն ադրբեջանցիների կողմից փակելու հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հարցը, որին դեմ քվեարկեց ԵԽԽՎ 13 պատվիրակ։ 

Այդ պատվիրակներից 5-ն ադրբեջանցի է, չորսը՝ թուրք։ Ենթադրվում էր, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվիրակները պիտի դեմ լինեին, բայց “դեմ”-երի ցանկում, տարօրինակ կերպով, գտանք նաև Իռլանդիայի, Իտալիայի եւ Ռումինիայի պատվիրակներին: Այլ կերպ ասած՝ նրանց դիրքորոշումը համահունչ է Լաչինի միջանցքը փակած թուրք-ադրբեջանական տանդեմ ի դիրքորոշմանը։

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը MediaHub-ի հետ զրույցում, անդարադառնալով դեմ քվեարկած պատվիրակներին, պնդեց․ «Իռլանդացին սխալվել է»։ 

Հետաքրքրվեցինք՝ իր համար, որպես ՔՊ-ական, զարմանալի չէ՞ թուրք եւ ադրբեջանցի պատվիրակների նման դիրքորոշումը, չէ որ Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերութունները կարգավորելու, խաղաղության ու բարիդրացիական հարևանություն անելու դարաշրջան են մեկնարկել։ Հարցին ի պատասխան, Վարդանյանն ընդամենն ասաց, որ փորձել են ձախողել օրակարգ ներառվելը, բայց չի ստացվել։ 

«Օրակարգի հասռատման ժամանակ են առարկել օրակարգ դա մտցնելուն, բայց դե հաղթահարեցինք»,-ասաց նա։ 

Նշենք նաեւ, որ հարցը օրակարգ բերելուն ձեռնպահ պատվիրակներ էլ են եղել՝ 13 պատգամավոր։ Մեկը Նորվեգիայից, մեկը Վրաստանից, հինգը՝ Ուկրաինայից, վեցն էլ Սերբիայից։ 

91 կողմ ձայնով Լաչինի միջանցքի փակման հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հարցը ԵԽԽՎ-ում կքննարկվի հինգշաբթի երեկոյան։

Լիա Սարգսյան